2026

“Ծնողական ժամի” կարգավորումների հետևանքով առաջացող խնդիրների վերաբերյալ

01KS4XMW2X0QCV3E9KDJGS3VEC-large

2026 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի, որի համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքում ներդրվել են ծնողական ժամի վերաբերյալ կարգավորումներ: Մասնավորապես, օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանվել է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատող ծնողին` երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության կամ երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման նպատակով և որ աշխատող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից` բացակայելով աշխատանքի վայրից:

 

Ծնողական ժամի տրամադրման համար սահմանվել են հետևյալ կանոնները`

 

1) մինչև տասներկու տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ` օրական առավելագույնը 30 րոպե.

 

2) մինչև տասներկու տարեկան երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ` օրական առավելագույնը մեկ ժամ.

 

3) մինչև 18 տարեկան` ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ` օրական առավելագույնը մեկ ժամ (անկախ երեխաների թվից):

 

Միաժամանակ սահմանվել է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել:

 

Սահմանվել է նաև, որ ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում` միջին աշխատավարձ, բացառությամբ պարգևատրման գումարների):

 

Ձեռնարկատերերի հետ քննարկումներում նշված կարգավորման վերաբերյալ բարձրացվել են մի շարգ մտահոգություններ, մասնավորապես.

 

●       Կարգավորումները հաշվի չեն առնում և կարգավորումներ չեն սահմանում այն աշխատողների համար, որոնք աշխատում են ոչ լրիվ կամ կրճատ աշխատաժամանակով: Այսինքն, նույն իսկ օրվա ընթացքում մեկ ժամ աշխատող անձը կարող է ունենալ մեկ ժամ ծնողական ժամի իրավունք.

 

●       Կարգավորումները հաշվի չեն առնում և կարգավորումներ չեն սահմանում այն աշխատողների համար, որոնք ներգրավված են այնպիսի աշխատանքներում, որոնք չեն կարող դադարեցվել` մարդկանց կյանքին կամ առողջությանը, կամ շրջակա միջավայրին վտանգ առաջացնելու հետևոնքով: Օրինակ, շին հրապարակի անվտանգության մասնագետը, պայթեցման աշխատանքերի պատասխանատուն կամ վիրաբույժը կարող են ցանկացած պահի ներկայացնել ծնողական ժամից օգտվելու դիմում` ցանկացած ժամանակահատվածի համար և դրանով իսկ ստեղծել էական վտանգներ:

 

●       Կարգավորումները հաշվի չեն առնում և կարգավորումներ չեն սահմանում այն աշխատողների համար, որոնք ներգրավված են այնպիսի աշխատանքներում, որոնք չեն կարող դադարեցվել` առանց տեխնոլոգիական վնասների և բիզնես գործընթացի դադարման` օրինակ արտադրության տեխնոլոգի կամ նման այլ անձի կողմից ծնողական ժամի օգտագործման դեպքում.

 

●       Կարգավորումները պարարտ հող են ստեղծում ծնողների հանդիսացող աշխատողների նկատմամբ` աշխատանքի ընդունելու դեպքում խտրական վերաբերմունք կիրառելու համար.

 

●       Այլ խնդիրներ: