2 նոյեմբերի 2022
Հեռավար և համակցված աշխատանքի նոր կարգավորումների նախագիծ
Աշխատանքային օրենսգիրք
Ենթախորհրդի նիստեր

Հոկտեմբերի ամսին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի 11-րդ նիստի ընթացքում Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետների, ինչպես նաև ՓՄՁ զարգացման խորհրդի անդամների նախաձեռնությամբ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք ուղղված են գործարար համայնքի շահերի պաշտպանությանը և բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը։ Նիստը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Խորհրդի օրակարգի թիրախային կետերից էր աշխատանքային օրենսգրքում հեռավար և համակցված աշխատանքի կարգավորման հարցը։ Աշխատանքային հարաբերությունների զարգացման ներկա փուլում բազմաթիվ գործատուներ և աշխատողներ կիրառում են հեռավար աշխատանքի մեթոդներ` օգտվելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններից: Սակայն լայնորեն կիրառվող հեռավար և համակցված աշխատանքի ձևաչափերը բավարար կերպով արտացոլված չեն աշխատանքային օրենսգրքի կարգավորումներում, ինչը խնդիրներ է առաջացնում գործատուների համար:
Քննարկվող առաջարկը կայանում էր հեռավար և համակցված աշխատանքին բնորոշ գործատու-աշխատող հարաբերությունների առանձնահատկությունների կանոնակարգման մեջ՝ առաջնորդվելով հնարավորինս ազատական մոտեցումներով (օրինակ` սահմանել, թե ով է համարվում հեռավար աշխատող մասնագետ, սահմանել որ գործատուն ու իր աշխատակիցն ազատ են ընտրել իրենց առավել հարմար աշխատանքի ձևաչափը, միևնույն ժամանակ ազատ լինելով այն փոփոխել ըստ փոխադարձ համաձայնության և այլն):
Առաջարկվող լուծումների հետ միասին Հայաստանի ներդրումային խորհրդի թիմը ներկայացրել էր նաև օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնք կշրջանառվեն համապատասխան գերատեսչությունների միջև և արձագանք ստանալուց հետո, ընթացք կստանան։
Հետագա զարգացումների մասին թարմացումները հասանելի կլինեն խորհրդի կայքի նորություններ բաժնում։
Հայաստանի ներդրումային խորհուրդը ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնեսի միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Խորհուրդը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, և խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ: Գործունեության 15 տարիների ընթացքում ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով և IC Armenia թիմի ղեկավարությամբ իրականացվել են 25 լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը, շրջանառության հարկի հարկման համակարգի ներդրումը, լիզինգային բարեփոխումները և շատ ավելին: