24 նոյեմբերի 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 21-րդ նիստ
Կորպորատիվ
Ենթախորհրդի նիստեր
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և ՎԶԵԲի-ի Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ` նոյեմբերի 24-ին կայացավ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։
Օրակարգային հարցերը երկուսն էին. ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման և անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախագծերը:
Հայաստանի Հանրապետությունում 31.12.2022թ. դրությամբ գրանցված 82236 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից շատերի դեպքում ֆինանսական միջոցների ներգրավումն իրականացվում է պարտքային գործիքներով` հաճախ մասնակիցների կողմից տրված փոխառությունների միջոցով:
-Նման ֆինանսական ներդրումներ կատարելիս մասնակիցները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում այդ ներդրումը վերածել բաժնեմասի, այլ ոչ ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով, նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը:
ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի իրավախորհրդատու Հայկ Մալխասյանն էլ հավելեց, որ այժմյան օրենքները նման հնարավորություն չեն ընձեռում, ինչի պատճառով էլ մշակված նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
Խոսելով անհուսալի դեբիտորական պարտքի կարգավորումների մասին` «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն` Հայկազ Ֆանյանը ներկայացրեց ոլորտի առկա իրավիճակը:
-Ներկայումս եթե շահութահարկ վճարող տնտեսավարողը դուրս է գրում հարկային հաշիվ և սահմանված ժամկետում գործընկերն այն չի վճարում, որոշակի ժամանակ անց տնտեսավարողը կարող է`
• Մինչև 100 հազար ՀՀ դրամ գումարի դեպքում այդ չափով նվազեցնել շահութահարկի բազան և չվճարել շահութահարկ․
• 100 հազար ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարի դեպքում մեկ տարվա ընթացքում այդ գումարի որոշակի չափով (մինչև 75%) նվազեցումներ անել շահութահարկի բազայից (վճարման ենթակա շահութահարկից):
Մեկ տարին լրանալուց հետո 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով պարտքը համարվում է անհուսալի, եթե առկա է տնտեսավարողի կողմից դատարան դիմելու և դատարանի կողմից գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Նման ակտ չլինելու դեպքում գումարը պետք է հարկվի։
ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը խոսեց նոր կարգավորումների մասին.
-Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը սահմանելով, որ դատարան դիմելու անհրաժեշտությունը բացակայում է ոչ թե 100 հազար ՀՀ դրամը չգերազանցող, այլ 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող պարտավորությունների դեպքում` ելնելով գնաճի և դատական ծախսերի հետևանքների չեզոքացման անհրաժեշտությունից, ինչպես նաև այդ գումարը գերազանցող պարտավորությունների դեպքում, որպես կանոն, բավարար լինի դատարան դիմելը և դատարանի կողմից գործը վարույթ ընդունելը:
ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից մշակված և ՓՄՁ ենթախորհրդի նիստի ժամանակ ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կդրվեն շրջանառության մեջ` նախագծերի հաջորդիվ քննարկումները փոխվարչապետի գլխավորությամբ իրականացնելու համար:
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից: