2026
Արտադրական և տրանսպորտի հողերի էներգետիկ նպատակներով/համակցված վերականգնվող էներգետիկայի նպատակով օգտագործումը դյուրացնելու կարգավորումներ
Հողային Օրենսգիրք
Ընթացիկ

Վերջին տարիներին Հայաստանում այլընտրանքային էներգիայի մեծ թափով զարգացումը ի հայտ է բերել որոշ օրենսդրական կարգավորումներ, որոնք անհարկի վարչարարական խնդիրներ են առաջացնում ներդրումների համար՝ չստեղծելով լրացուցիչ արժեք։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ սեփական սպառման նպատակով արևային կայաններ են տեղադրվում արտադրական տարածքներում, որի համար անհրաժեշտ է փոխել այդ տարածքների՝ էներգետիկայի նպատակով օգտագործվող հատվածների հողի նպատակային նշանակությունը։ Ընդ որում, եթե արևային պանելները տեղադրվում են շենքերի, շինությունների տանիքներին, ապա հողի նպատակային նշանակությունը փոխելու անհրաժեշտություն չի առաջանում։ Միաժամանակ, եթե նույնիսկ մեկ հենասյուն տեղադրվի գետնի վրա, ապա հենասյանը հարող որոշակի մասի հողի նպատակային նշանակությունը պետք է փոխվի «Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի»։
Այս կարգավորումը փաստացի որևէ արժեք չի ստեղծում, քանի որ նկարագրված դեպքերում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մերժման հիմքեր, որպես կանոն, չկան։ Արդյունքում ձգձգվում են ներդրումների ժամկետները, ստեղծում վարչարարական ծախսեր ինչպես բիզնեսի, այնպես էլ պետական (համայնքային) մարմինների համար։
Նույն խնդիրը վերաբերում է նաև տրանսպորտի օբյեկտների հողերը համակցված կերպով էներգետիկ նշանակությամբ օգտագործելու դեպքերին։ Օրինակ՝ ավտոկայանների, խողովակաշարերի կամ ավտոճանապարհների տարածքը միաժամանակ որպես էներգետիկ օբյեկտ (հողմային կամ արևային կայան) չի կարող օգտագործվել։
Առաջարկվում է`
- Թույլատրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերում էներգետիկ նպատակներով օգտագործվող շենքերի, շինությունների կառուցումը և սպասարկումը, որի դեպքում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով։
- Թույլատրել տրանսպորտի օբյեկտների հողերում վերականգնվող էներգետիկ ռեսուրս (հողմային կամ արևային) օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ պայմանով, որ դա չի խոչնդոտում տվյալ հողերի նպատակային օգտագործմանը որպես տրանսպորտի օբյեկտների հողեր։