2024
Օպցիոնի պայմանագրի կարգավորումներ
Այլ
Ընթացիկ
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և մի շարք օրենքներում՝ դրանցում սահմանելով օպցիոնի պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ օպցիոնի պայմանագրով մի կողմը (օպցիոնի գնորդը) ձեռք է բերում իրավունք մյուս կողմից (օպցիոնի վաճառողից) պահանջել կատարել օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները (այդ թվում՝ սեփականության կամ այլ գույքային իրավունքով փոխանցել կամ ընդունել գույք, այդ թվում գույքային իրավունքներ) (իրացնել օպցիոնը) դրանով սահմանված ժամկետում (օպցիոնի գործողության ժամկետում) և գնով (օպցիոնի կատարման գինը), իսկ օպցիոնի վաճառողը պարտավորվում է կատարել այդ պահանջը:
Օպցիոնը կարող է լինել գնման օպցիոն (call option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով իրեն փոխանցել գույք` այդ թվում գույքային իրավունքներ, և վաճառքի օպցիոն (put option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք օպցիոնի վաճառողից պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով ընդունել գույք` այդ թվում գույքային իրավունքներ:
Առաջարկվում է նաև սահմանել, որ օպցիոնի պայմանագիրը կնքվում է գրավոր: Եթե օպցիոնի գնորդը օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը չի ներկայացնում (օպցիոնը չի իրացնում), ապա օպցիոնի պայմանագիրը համարվում է դադարած` օրենքի ուժով։ Օպցիոնի պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրանով սահմանված պահանջը համարվում է ներկայացված՝ այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում, եթե պայմանագրով նաև սահմանված են նման պայմանների վրա հասնելը և կողմի ծանուցված լինելու օրը որոշելու չափանիշները կամ ընթացակարգը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ օպցիոնի պայմանագրով սահմանված իրավունքի տրամադրման (օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները կատարելու պահանջի իրավունքի) դիմաց օպցիոնի գնորդը օպցիոնի վաճառողին պայմանագրով սահմանված ժամկետում վճարում է պայմանագրով նախատեսված պարգևավճարը (premium)` դրամական միջոցների կամ այլ գույքի տեսքով, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի:
Օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու դեպքում օպցիոնի կատարման գինը և դրա տրամադրման կարգը:
Առաջարկվում է նաև լրացումներ կատարել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում` սահմանելով անհրաժեշտ կառուցակարգեր օպցիոնի պայմանագրից ծագող իրավունքների և սահմանափակումների գրանցման համար: