2024
Փոխարկելի պարտքի կարգավորումներ․ բարեփոխում
Այլ
Ընդունված
Փոփոխություններով լրացումներ են կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
Մասնավորապես, սահմանվել է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Նաև սահմանվել է, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Հարկ է նշել, որ նախագծով նաև նախատեսվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերի, կարգի և պայմանների սահմանումը թողնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։
Կարգավորվել են նաև փոխարկելի փոխառությունը արտարժույթով տրամադրելու դեպում փոխարկման առանձնահատկությունները։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում ՀՀ դրամով` փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Ընդ որում, արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով պետք է սահմանվի, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում է ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է ՀՀ դրամի նույն օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։
Կանոնակարգվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը: Այսպես, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պարագայում, առաջարկվում է սահմանել, որ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը կարող է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունել։ Ըստ առաջարկվող կարգավորումների՝ ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ՍՊ ընկերությունը հանդիսանում է փոխառու, փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում ընկերության գործադիր մարմնին է ներկայացնում դիմում` ընկերության մասնակից հանդիսացող փոխատուի դեպքում` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով լրացուցիչ ավանդի ներդրման հիման վրա նրա բաժնեմասի անվանական արժեքի` այդ չափով ավելացման և փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում` նրան ընկերություն ընդունելու, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման, և փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով ավանդի ներդրման հիման վրա բաժնեմաս տրամադրելու (փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման) և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա դիմումը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։
Ինչ վերաբերում է բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն փոխարկման գործընթացին, սահմանվել է, որ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության գործադիր մարմնին ներկայացնում է փոխարկման գրավոր պահանջ, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։ Նշված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանների վրա հասնելուց հետո 60-օրյա ժամկետում Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը թողարկել և տեղաբաշխել փոխատուի օգտին:
Նաև հստակեցվել են փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման և դրանով ստանձնված պարտավորությունների կատարման հետ կապված հարկային հետևանքները, մասնավորապես սահմանվել է, որ փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում այդ տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին։