2025

Ընկերության վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգավորումների հստակեցում

1625769121057

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա: Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից: Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն վերակազմակերպման դեպքում իրավահաջորդությունը կարգավորվում է փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Միաժամանակ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո կազմակերպությունը պետք է ձեռնարկի բազմաթիվ գործողություններ` ծանուցի պարտատերերին, նախաձեռնի և անցնի հարկային ստուգում և այլն:

 

Համապատասխանաբար վերակազմակերպվող կազմակերպության փոխանցման ակտի/բաժանիչ հաշվեկշռի հաստատումից հետո մինչև վերակազմակերպման արդյունքների պետական գրանցման պահն անցնում է տևական ժամանակ, որի ընթացքում կազմակերպության գույքի կազմը և/կամ քաղաքացիական իրավուքները և պարտականությունները կարող են փոփոխվել (օրինակ` առևտրի ոլորտում գործող կազմակերպություն անխուսափելիորեն օտարում և ձեռք է բերում տարաբնույթ գույք, արտադրող կազմակերպությունը ստանում կամ սպառում է հումք, օտարում է պատրաստի արտադրանք և այլն): Նշված գույքի մասով իրավահաջորդության հարցերը հաճախ մնում են չկարգավորված, ինչը կարող է վեճեր առաջացնել, հատկապես բաժանման կամ առանձնացման դեպքերում:

 

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով,  որ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի մեջ սահմանվում է նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը։