2026
Առևտրային ցանցերի կողմից` մատակարարներին կատարվող վճարումների կետանցը կանխելու նպատակով պարբերական հաշվետվողականության համակարգ ստեղծելու վերաբերյալ
Այլ
Ընթացիկ

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առևտրային ցանցերը պարտավոր են մատակարարներին վճարումներ կատարել սննդամթերքի համար՝ 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում։ Սակայն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ վճարման ժամկետների պահպանման նկատմամբ համակարգային վերահսկողություն ապահովող հաշվետվողականության մեխանիզմ, ինչը դժվարացնում է վճարումների կետանցների և հնարավոր իրավախախտումների բացահայտումը։
Խնդրի լուծման նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ներդնել եռամսյակային էլեկտրոնային հաշվետվողականության համակարգ, որի շրջանակում առևտրային ցանցերը պարտավոր կլինեն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ներկայացնել վճարման ժամկետների պահպանման վերաբերյալ միասնական, մեքենայական ընթերցման համար պիտանի տեղեկատվություն։
Հաշվետվությունները կներառեն տվյալներ կետանցված վճարումների, դրանց գումարների և տևողության, վճարման ժամկետների պահպանման ցուցանիշների, ինչպես նաև 3 միլիոն դրամի և 90 օրվա՝ օրենքով սահմանված շեմերը գերազանցող դեպքերի վերաբերյալ։ Նոր մեխանիզմը հնարավորություն կտա Հանձնաժողովին իրականացնել վճարումների համակարգային մշտադիտարկում, բացահայտել հնարավոր իրավախախտումները և առավել արդյունավետ պաշտպանել մատակարարների շահերը՝ առանց բացառապես անհատական բողոքների վրա հիմնվելու։
Նախագծով նախատեսվում է նաև վեցամսյա անցումային ժամանակահատված՝ տնտեսավարողներին նոր պահանջներին նախապատրաստվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Միաժամանակ սահմանվում է պատասխանատվություն հաշվետվությունները չներկայացնելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական տեղեկություններ տրամադրելու համար։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել վճարային կարգապահությունը, ապահովել առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների թափանցիկությունը և նպաստել առավել արդար ու բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը։