2024
ՍՊԸների մասին օրենքի բարեփոխում
Կորպորատիվ
Ընթացիկ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2001 թվականին և տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք գործնականում անհարկի բարդացնում են ՍՊԸ-ների գործունեությունը, չեն ապահովում հարաբերությունների ճկունության անհրաժեշտ մակարդակ և երբեմն այլևս չեն արտահայտում գործարար պրակտիկայի իրականությունը: Ստորև հակիրճ ներկայացվում են այդ խնդիրերը և դրանց առաջարկվող լուծումները
1. Խնդիր. Օրենքի համաձայն ՍՊԸ հիմնադրել ցանկացող անձինք կնքում են այդ մասին պայմանագիր: Գործնականում նման պայմանագրերի կնքումը տեղի է ունենում հազվադեպ և հիմնադիրները իրենց համաձայնությունները ձևակերպում են հիմնադիր ժողովի արձանագրությամբ:
Առաջարկ. ՍՊԸ հիմնադրման մասին պայմանագրի կնքումը դարձնել կամավոր` հաշվի առնելով որ արդեն իսկ արձանագրությամբ համաձայնությունները ձևակերպվում են:
2. Խնդիր. Օրենքի համաձայն ՍՊԸ կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին: Գործնականում դա հանգեցնում է իրավիճակի, երբ օրինակ բաժնեմաս օտարելու ժամանակ, պետք է ամեն անգամ փոփոխել կանոնադրություն և տանել գրանցել ամեն անգամ պետ ռեգիստրում: Արդյունքում առաջանում է անհարկի վարչարարական բեռ և ընդհանուր ժողով գումարելու կարիք:
Առաջարկ. Վերացնել կանոնադրության մեջ մասնակիցների մասին տեղեկություններ ներառելու պահանջը` այդ տեղեկատվությունը ներկայացնելով հիմնադրման որոշման մեջ և հետագայում փոփոխել մասնակիցների ռեեստրում փոփոխություններ կատարելով:
3.Խնդիր. ՍՊԸ մասնակիցները հաճախ ցանկանում են միմյանց միջև իրենց իրավունքների իրականացման և (կամ) բաժնեմասի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների մասին պայմանագրեր կնքել, ինչն օրենքով կարգավորված չէ: Օրինակ, պատկերացնենք ինժեներական ընկերություն է, մասնակիցներից մեկը ինժեներ է, մնացածը ոլորտի հետ կապ չունեցող ներդրող, ուզում են համաձայնագիր կնքեն, որ ինժեներական հարցերով որոշումների կայացման ժամանակ միշտ կքվեարկեն ինժեներ-մասնակցի որոշման համահունչ:
Առաջարկ. Հստակ սահմանել, որ ՍՊԸ մասնակիցները կարող են կնքել նման համաձայնագիր` սահմանելով դրա առարկան, կնքման կարգը և հետևանքները:
4.Խնդիր. Միակ մասնակցի կողմից բաժնեմասի օտարման դեպքում երբեմն անհրաժեշտ է կայացնել միակ մասնակցի լրացուցիչ որոշում` ընկերության նախապատվության իրավունք չիրականացնելու մասին:
Առաջարկ. Սահմանել, որ նման որոշում չի պահանջվում:
5.Խնդիր. Բաժնեմասի գրավադրման (բաժնեմասը կարող է գրավադրվել, երբ բոլոր բաժնետերերը համաձայնություն տվել են) մասին Օրենքի կարգավորումներն անհարկի խոչնդոտում են բաժնեմասի գրավադրումը, դրա նկատմամաբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հնարավորությունը:
Առաջարկ. Սահմանել, որ.
Ա. գրավադրված բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել այլ գույքից անկախ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համահունչ,
Բ. Այլ մասնակիցները կարող են նախապես` բաժնեմասի գրավադրման պահին հրաժարվել նախապատվության իրավունքից,
Գ. Սահմանել գրավադրված բաժնեմասի բռնագանձման դեպքում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման գրանցման ընթացակարգեր:
6. Խնդիր. Օրենքը սահմանում է, որ եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո ՍՊԸ զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն, ընկերությունը ենթակա է լուծարման, ինչը համահունչ չէ շատ ընկերությունների գործունեության տնտեսական տրամաբանությանը:
Առաջարկ. Լուծարման պահանջը վերացնել` սահմանել http://www.azdarar.am կայքում հրապարակման պահանջ և պարտապանների իրավունքների երաշխիքներ:
7․ Խնդիր. Հստակ սահմանված չէ կանոնադրությամբ ՍՊԸ այլ մարմինների ստեղծման հնարավորություն:
Առաջարկ. Օրենքով սահմանել նման հնարավորություն:
8. Խնդիր. Օրենքը չի նախատեսում խորհրդին ընդհանուր ժողովի լիազորությունների վերապահման հնարավորություն:
Առաջարկ. Օրենքով սահմանել նման հնարավորություն:
9.Խնդիր. Նախատեսված չէ մասնակիցների համար հնարավորություն միաձաին կայացնելու ժողովի իրավասությանը վերապահված հարցերով որոշումներ` առանց ժողով գումարելու, ինչն առաջացնում է ժողովի գումարման համար լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն և անհարկի ձգձգումներ:
Առաջարկ. Օրենքով սահմանել նման հնարավորություն:
10.Խնդիր. Տնօրենի նշանակման և լիազորությունների դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները հստակ կարգավորված չեն օրենքով, հստակ սահմանված չեն ընդհանուր ժողովի կողմից տնօրենի լիազորությունների դադարեցման կարգը և հիմքերը, նման դադարեցման աշխատանքային-իրավական հետևանքները, տնօրենի կողմից իր ցանկությամբ լիազորությունների դադարման գործուն ընթացակարգերը: Նշվածի արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձը, որը չի ցանկանում շարունակել իր գործունեությունը որպես իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար զրկված է իր այդ կարգավիճակը իր կամաարտահայտությամբ դադարեցնելու գործուն հնարավորություններից:
Առաջարկ. Հստակ սահմանելով, որ
Ա. ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել ընկերության գործադիր մարմնի լիազորությունները` լուծելով աշխատանքային պայմանագիրը առանց դրա համար հիմք հանդիսացող հանգամանքների մատնանշման:
Գ. Տնօրենին վճարում է արձակման նպաստ` ոչ պակաս քան նրա 2 ամսվա միջին աշխատավարձի չափով:
Դ. Տնօրենն իրավունք ունի դիմել ժողովին` իր լիազորությունները դադարեցնելու պահանջով` իսկ 1-ամսյա ժամկետում այդ որոշումը չկայացնելու դեպքում` ինքնուրույն դիմել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալություն:
Ե. Թույլատրել կանոնադրությամբ նախատեսել մի քանի տնօրենների և/կամ տնօրենի լիազորությունները ժամանակավոր կատարող անձի նշանակման հնարավորություն: