2024
Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը
Հարկային օրենսգիրք
Ընթացիկ
Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն (գիտություն) – բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաև պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից:
Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:
Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: Մասնավորապես`
Վրաստանում[1] հանրային իրավունքի իրավաբանական անձանց (պետական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ, ԲՈւՀ-եր, միջին մասնագիտական հաստատություններ) ապրանքների և ծառայությունների անհատույց մատակարարումը (տրամադրումը) ազատվում է շահութահարկից:
ԱՄՆ-ում[2] կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կարող են իրենց հարկման բազան նվազեցնել գիտական, կրթական, բարեգործական և մի շարք այլ հաստատություններին իրականացված նվիրատվությունների գումարի, բայց ոչ ավելի քան հարկվող շահույթի 10%-ի չափով: Ընդ որում, նշված շեմից ավել իրականացված նվիրատվությունները կարող են նվազեցվել` ի հաշիվ հաջորդող 5 տարիների թույլատրելի չափի:
Ֆինլանդիայում կազմակերպությունների կողմից մինչև 250.000 եվրոյի չափով նվիրատվությունները Եվրոպական Տնտեսական Տարածքի որոշ համալսարանների նվազեցվում են հարկվող շահույթից:
Գերմանիայում ոչ առևտրային կազմակերպություններին իրականացված նվիրատվությունների գումարները նվազեցվում են հարկվող շահույթից` մինչև 20%-ի չափով:
Իտալիայում դպրոցներին, համալսարաններին և գիտական հետազոտությունների նպատակով նվիրատվությունների համար սահմանված են հարկային արտոնություններ` մինչև հարկվող շահույթի 10%-ի չափով:
Բուլղարիայում նախակրթարաններին, կրթական և գիտական հաստատություններին իրականացված նվիրատվությունների գումարները նվազեցվում են հարկվող շահույթից` մինչև 10%-ի չափով[3]:
Ռուսաստանի հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների համաձայն` 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում դրույթներ` համաձայն որոնց ՌԴ սուբյեկտների կողմից ընդունված օրենքների հիման վրա կարող է սահմանվել, որ հարկ վճարողներն իրավունք ունեն կրթական կազմակերպություններին անհատույց փոխանցված գույքի (դրամական միջոցների) արժեքի մինչև 100%-ի չափով նվազեցնել այդ սուբյեկտների բյուջե փոխանցվող շահութահարկի գումարները[4]:
Միաժամանակ, գույքի և դրամական միջոցների անհատույց տրամադրումը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ոչ առևտրային կրթական կամ գիտական հաստատություններին, ազատվում է ԱԱՀ-ից[5]:
Վերը նշված երկրներից բացի առևտրային կազմակերպությունների կողմից նվիրատվությունները խրախուսող հարկային արտոնություններ են կիրառվում նաև հետևյալ երկրներում` Ավստրալիա, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Չիլի, Չեխիա, Էստոնիա, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Ճապոնիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սինգապուր, Սլովենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Կոլումբիա, Իսրայել, Սլովակիա: Նշված երկրներում, որպես կանոն, շահութահարկի բազայից նվազեցման թույլատրելի չափն էապես մեծ է Հայաստանում գործող չափից` պայմանով, որ նվիրատվություններն իրականացվեն որոշակի չափանիշների բավարարող բարեգործական կամ այլ հանրային բարիք ստեղծող կազմակերպությունների: Օրինակ` Սլովակիայում հարկվող շահույթից կարող է նվազեցվել բարեգործության նպատակով իրականացված ծախսերի մինչև 2%, Չեխիայում` 5%, Իտալիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Վրաստանում[6]` 10%, Գերմանիայում և Շվեյցարիայում` 20%, Նիդերլանդներում` 50%, Իռլանդիայում, ՄԹ-ում և Ավստրալիայում` 100%[7],7:
Ֆրանսիայում կազմակերպությունները կարող են իրենց շահութահարկը նվազեցնել բարեգործության գումարի մինչև 60%-ի չափով, բայց ոչ ավել քան տարեկան հասույթի 0.5%-ը[8]: Արգենտինայում բարեգործության գումարը կարող է նվազեցվել մինչև հասույթի 5%-ի չափով: Մեքսիկայում կազմակերպությունները մասնավոր բարեգործական և պետական հաստատություններին իրականացվող նվիրատվությունների գումարները կարող են նվազեցնել ընթացիկ տարվա հարկման բազայից` նախորդ տարվա հասույթի մինչև 7%-ի չափով[9]:
[1]https://matsne.gov.ge/ka/document/view/1043717?impose=translateEn&publication=175&fbclid=IwAR1zE1KofB4vu5uQfDxJY6enk7VKLykWemOz_KoKKHTOQGQedWlzjbZbnZM , հոդված 983
[2] https://www.taxpolicycenter.org/briefing-book/what-tax-treatment-charitable-contributions
[3] https://efa-net.eu/wp-content/uploads/2018/12/EFA-Tax-Survey-Report-Dec-2018.pdf
[4] http://ivo.garant.ru/#/docu ment/405604347/paragraph/5/doclist/180/showentries/0/highlight/430-%D0%A4%D0%97:0
[5] http://nalog.garant.ru/fns/nk/0c5956aa76cdf561e1333b201c6d337d/
[6]https://matsne.gov.ge/ka/document/view/1043717?impose=translateEn&publication=175&fbclid=IwAR1zE1KofB4vu5uQfDxJY6enk7VKLykWemOz_KoKKHTOQGQedWlzjbZbnZM
[7] https://www.oecd-ilibrary.org/sites/559f2c2c-en/index.html?itemId=/content/component/559f2c2c-en#section-d1e15223
[8] https://efa-net.eu/wp-content/uploads/2018/12/EFA-Tax-Survey-Report-Dec-2018.pdf
[9] https://www.oecd-ilibrary.org/sites/559f2c2c-en/index.html?itemId=/content/component/559f2c2c-en#section-d1e15223