25 հուլիսի 2025
Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. Ծրագիրը հաստատել է Կառավարությունը
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Հուլիսի 24-ին Կառավարությունն ընդունել է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում:
Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ համակարգմամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ձևավորված նախագիծն ընդունվել է կառավարության կողմից: Հայաստանի ներդրումային խորհուրդը նախագծի և աշխատանքային ընթացակարգերի մշակման համար ներգրավել է Ամերիա խորհրդատվական ընկերությանը:
Ի՞նչ հիմնական խնդիրներ կան ոլորտում, և ինչպես կարելի է դրանք լուծել։ Տեքստիլ արդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված գերակա և տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, հատկապես կանանց համար։ Շատ գործարաններ և արտադրամասեր գործում են Երևանից դուրս՝ մարզերում, որտեղ բարձր գործազրկության պայմաններում դա մեծ նշանակություն ունի։ Հայաստանից տեքստիլ արտադրանքներ արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԵՄ երկրներ և ԱՄՆ։ Ընդլայնվող արտահանման ծավալները նպաստում են արտարժույթի հոսքին և ՀՀ վճարային հաշվեկշռի բարելավմանը։ Տեքստիլ ոլորտի զարգացումը խթանում է նաև հումքի տեղական արտադրությունը (օրինակ՝ բամբակ, բրդյա արտադրանք) և հարակից ոլորտները՝ տրանսպորտ, փաթեթավորում, մարքեթինգ։ Չնայած վերջին տարիների ոլորտի աճին, դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի, մասնավորապես՝
հումքի սահմանափակ հասանելիություն․ Հայաստանում գրեթե չկա տեղական արտադրության հումք (բամբակ, սինթետիկ թելեր և այլն), և ըստ այդմ ամբողջ հումքը ներմուծվում է, ինչը ինչը դարձնում է արտադրությունը խոցելի արտարժույթի տատանումների և լոգիստիկ խափանումների հանդեպ։
արտադրական բազաների տեխնոլոգիական հնացում. շատ ձեռնարկություններ աշխատում են հին սարքավորումներով, որոնք չեն ապահովում ժամանակակից որակ և արտադրողականություն, իսկ նորագույն ավտոմատացված գծերի ներդրումը դանդաղ է՝ բարձր արժեքի և ներդրումային ռիսկերի պատճառով։
մարդկային կապիտալի պակաս․ քիչ են ոլորտի որակավորված մասնագետները, ոլորտին նվիրված կրթական ծրագրերը։ Կարի, դիզայնի, կտորների մշակման, կոնստրուկտոր մոդելավորողի որակավորում ունեցող որակյալ մասնագետներ շատ քիչ են։ Երիտասարդները հիմնականում չեն դիտարկում տեքստիլ ոլորտը որպես հեռանկարային մասնագիտություն։
ներքին շուկայի փոքր ծավալ. տեղական շուկան սահմանափակ է՝ ինչպես գնողունակության, այնպես էլ սպառման մշակույթի առումով։ Մրցակցությունը ներմուծվող, էժանագին ապրանքների հետ շատ բարձր է։
արտահանման կազմակերպման դժվարություններ. շատ արտադրողներ չունեն փորձ և ռեսուրսներ՝ արտահանման շուկաներ մուտք գործելու։
բրենդի և ճանաչելիության խնդիր. հայկական տեքստիլ ապրանքները միջազգային շուկայում ճանաչված չեն՝ ո՛չ բրենդով, ո՛չ ոճով։ Բացակայում է միասնական "Made in Armenia" բրենդի քաղաքականություն այս ոլորտում։
ֆինանսավորման սահմանափակ հնարավորություններ. փոքր և միջին արտադրողների համար կան վարկերի հասանելուիության դժվարություններ։ Ներդրումների համար ոլորտը դիտարկվում է որպես ոչ այնքան շահավետ՝ բարձր ռիսկերի պատճառով։
Հաշվի առնելով վերը նշված խնդիրները՝ նախագծով նախատեսվում է ստեղծել տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ, որին վերապահված են լինելու ոլորտի օպերատորի գործառույթները։ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:

Տեքստիլ ոլորտի օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի կենտրոնացված, համակարգված զարգացմանը, և կապահովի Որոշմամբ սահմանված օպերատորին վերապահված գործառույթների իրականացումը։ Այն կդառնա հարթակ պետական, մասնավոր և կրթական հատվածների համագործակցության համար՝ ապահովելով արտադրության արդիականացում, արտահանման խթանում և մարդկային ներուժի հզորացում։ Հիմնադրամը կխթանի մարզային զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և հայկական տեքստիլի միջազգային ճանաչելիությունը։
Հիմնադրամը գործելու է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի փետրվարին հաստատված Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրի և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի հիման վրա: Զարգացման ծրագիրը նույնպես մշակվել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ համակարգմամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ աջակցությամբ։
Ավելին` https://tinyurl.com/mrvcr8ny