25 փետրվարի 2026
Ապրանքի վերադարձի կարգավորումներ հարկային օրենսգրքում. Նախագիծը հաստատվել է Կառավարության կողմից
Հարկային օրենսգիրք
Ենթախորհրդի նիստեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից քարտեզագրված և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում քննարկված ապրանքի վերադարձի վերաբերյալ հարկային օրենսգրքում առկա խնդիրները լուծում են գտել։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մշակած հարկային օրենսգրքի կարգավորումները հաստատվել են Կառավարության կողմից։
Պատմենք, թե ինչ է փոխվելու գործնականում: Մատակարարված ապրանքների թերությունները հաճախ բացահայտվում են ոչ թե անմիջապես, այլ սպառման, շահագործման, տեղադրման կամ փորձարկման ընթացքում։ Գործող օրենսդրությամբ այդպիսի դեպքերում մատակարարված ապրանքների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթի ճշգրտում կարող է իրականացվել միայն մի քանի դեպքում։ Եթե, օրինակ, ընկերությունը ձեռք է բերել սարքավորում, որի թերությունը բացահայտվել է մեկ տարի անց, դրա վերադարձը հարկային փաստաթղթավորման տեսանկյունից դառնում է խնդրահարույց, քանի որ այդ դեպքում հաշվարկային փաստաթուղթը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ։
Նույն կերպ, եթե մանրածախ առևտրի օբյեկտը սպառողի օրինական պահանջով հետ է ընդունել իր վաճառած ոչ պատշաճ որակի ապրանքը, մատակարարին վերադարձնելու դեպքում չի կարող ճշգրտել դրա հաշվարկային փաստաթուղթը։
Ապրանքի վերադարձը փաստաթղթավորելու համար տնտեսավարողները երբեմն ստիպված են իրականացնելու արհեստական գործարքներ, օրինակ՝ հետվաճառք, ինչը կարող է ավելացնել նրանց հարկային բեռը։ Ձեռք բերված ապրանքի վաճառքը համարվում է առք ու վաճառքի գործունեություն, ինչը խնդրահարույց է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, միկրոձեռնարկատերերի և պետական աջակցության ծրագրերից օգտվողների համար։ Նախագծի ընդունումից հետո, հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վերադարձնել մատակարարված ապրանքները և համապատասխանաբար ճշգրտել հաշվարկային փաստաթղթերը։
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին և ուղարկել է Ազգային ժողով: Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումից հետո այն կմտնի ուժի մեջ:
Ավելին բարեփոխման մասին` ԱՅՍՏԵՂ