15 ապրիլի 2026

Մարզային միջոցառում. Երկօրյա մասնագիտական հանդիպում մարզային բիզնեսների ներկայացուցիչների հետ

dsc09855_55206985235_o

«Ֆինանսավորում, աջակցության ծրագրեր և նորարար թվային գործիքներ»

 

2026 թվականի ապրիլի 11-12-ը Դիլիջանի Բեսթ Վեստերն Փարադայս հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա մասնագիտական միջոցառում՝ «Նոր հնարավորություններ մարզային բիզնեսների համար. Ֆինանսավորում, աջակցության ծրագրեր և նորարար թվային գործիքներ» խորագրով։ 

 

Միջոցառումը միավորել էր Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող շուրջ 120 մասնակիցների և ոլորտի փորձագետների` քննարկելու փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված արդիական գործիքներն ու հնարավորությունները։

 

Միջոցառման առաջին հատվածում Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները ներկայացրեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում մշակված աջակցության ծրագրերը, օրենսդրական բարեփոխումները և դրանցից օգտվելու ընթացակարգերը։ Մասնավորապես՝

  • 0-4% վարկեր փոքր և միջին ձեռնարկությունների համար,

  • Սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով փոխհատուցում. Ապրանքների և ընկերությունների սերտիֆիկացման աջակցության ծրագիր,

  • Ինչպես մի քանի րոպեում լրացնել դիմում և ստանալ պետությունից յուրաքանչյուր աշխատողի մասով մինչև 500,000 դրամ, եթե աշխատանքի եք վերցրել անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձ,

  • E-commerce-ում աշխատելու պարագայում ԱԱՀ 0% կիրառման նոր փոփոխության ներկայացում,

  • Ապրանքների վերադարձի նոր կարգավորումների ներկայացում,

  • Համախառն եկամտից մինչև 2.5%-ի չափով նվազեցումներ` պետական բուհերին կամ այլ կրթական հաստատություններին նվիրատվություններ անելու շնորհիվ: 

Հաջորդիվ, Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերները անդրադարձ կատարեցին Հայաստանում միգրանտ աշխատուժի ներգրավման թեմային՝ ներկայացնելով գործատուների համար առկա հնարավորություններն ու ռիսկերը։ Քննարկումը վարեցին ՄՄԿ խորհրդատու պարոն Սերգեյ Ղազինյանը և ՀՀ ՆԳՆ ՄՔԾ վարչության պետ տիկին Սրբուհի Մինասյանը։

 

Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր բիզնես գործընթացների ավտոմատացման թեման, որի շրջանակում անցկացվեցին գործնական դասընթացներ՝ արհեստական բանականության կիրառման, մարքեթինգի և օպերացիոն արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Դասընթացը վարեցին ռեԱրմենիա ակադեմիայի ներկայացուցիչներ Արշակ Ուլուբաբյանը և Էլլա Մանուկյանը։

dsc09838_55205690682_o

 

Երկրորդ օրը նվիրված էր վաճառքի նոր հմտությունների զարգացմանը, օնլայն հարթակների արդյունավետ կիրառմանը և այլընտրանքային ֆինանսավորման գործիքներին։ Դասընթացները համապաստխանաբար վարեցին SSB Academy–ի հիմնադիր Տարոն Պապիկյանը և ռեԱրմենիա ակադեմիայի ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը։

 

Միջոցառման ավարտին իրականացվեց խնդիրների քարտեզագրում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բիզնեսներում առկա օրենսդրական բնույթի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ճանապարհները: 

 

Երկօրյա միջոցառումը դարձավ արդյունավետ հարթակ՝ մարզային բիզնեսների համար նոր գիտելիքներ ձեռք բերելու, գործընկերային կապեր ձևավորելու և աջակցության ծրագրերին առավել մոտիկից ծանոթանալու համար: