20 նոյեմբերի 2023

ՕՊՑԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. ԵՐԲ ՕՐԵՆՔԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՇԱՀԵԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

11

ԻՆՉՈՒ ՄՇԱԿԵԼ ՆՈՐ ՕՐԵՆՔ 

 

Ֆինանսական գրագիտության բարձրացման կոնտեքստում և տնտեսական զարգացմանը զուգահեռ` մեծանում է  ածանցյալ ֆինանսական գործիքների դերը`  առավել կանխատեսելի միջավայր ունենալու համար: 

Պատկերացրեք տնտեսական անկայուն իրավիճակում փորձում եք պլանավորել ձեր տնտեսական գործունեությունը: Մի քիչ անիրական է թվում, այնպես չէ՞: Ֆինանսական աշխարհում գոյություն ունեն գործիքներ, որոնք, այնուամենայնիվ, թույլ են տալիս կանխատեսելի միջավայր ստեղծել ու որոշակիորեն «ապահովագրել» ձեզ հնարավոր ռիսկերից: 

Պատկերացրեք դուք արտահանում եք ապրանք և ակնկալում եք աապրանքի դիմաց վճարում վեց ամիս հետո ԱՄՆ դոլարով, որը դուք ստանալուց հետո պետք է փոխարկեք ՀՀ դրամի` աշխատավարձ վճարելու կամ այլ ծախսեր կատարելու համար: Անհասկանալի է սակայն, թե նոյեմբերից մինչև օգոստոս արդյո՞ք փոխանակման կուրսը կփոխվի` կավելանա՞, կպակասի՞, թե՞ նույնը կմնա: Ինչպե՞ս ապահովագրենք մեզ այս իրավիճակում: 

Օպցիոն (անգլերեն` option), լատիներեն optionem բառը նշանակում է ընտրություն կամ ազատ ընտրություն, ընտրելու ազատություն: Օպցիոն պայմանագիրը գալիս է լուծելու վերը նշված խնդիրը: 

 

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ  

Օպցիոն պայմանագիրը տալիս է իրավունք, բայց ոչ պարտականություն ինչ որ բան գնելու կամ վաճառելու: Այլ կերպ ասած, եթե դուք այսօր մտածում  եք 10,000,000 դրամով օգոստոս ամսին բնակարան գնելու մասին , և վստահ չեք թե մինչ այդ անշարժ գույքի արժեքը ինչ կլինի, ապա օպցիոնի պայմանագիր կնքելով դուք իրավունք կունենաք`

  • օգոստոս ամսին ձեռք բերել այդ բնակարանը 10,000,000 դրամով, անկախ այն հանգամանքից բնակարանի շուկայական գինը կփոխվի ու կդառնա 13,000,000 դրամ: 

  • հրաժարվել գնումը կատարելուց, եթե օգոստոսին բնակարանի գները իջնեն ու դուք հնարավորություն ունենաք այդ կամ նման բնակարան ձեռք բերել 8,000,000 դրամով: 

  • դուք վճարում եք նախապես համաձայնեցած պարգևավճար այս ամենի դիմաց:

Օպցիոնի պայմանագիրը հնարավորություն է տալիս ամրագրել ապագայում գնվելիք ապրանքի գինն այսօր` միաժամանակ ապահովելով ազատություն ապագայում ընտրություն կատարելու` առանց որևէ պարտավորության: Իհարկե, օպցիոնի պայմանագրի կնքման համար մյուս կողմին վճարվում է վճար (premium).

Խնդիրը քարտեզագրվել է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի կողմից, որի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը: 2023 թվականին մի շարք մասնագիտական քննարկումներ ու հանդիպումներ ունենալով գործարար համայնքի, փորձագիտական  հանրության և պետական մարմինների ներկայացուցիչների հետ` Հայաստանի ներդրումային խորհուրդը մշակել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել համախատասխան օրենքներում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»)` դրանցում սահմանելով օպցիոնի պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Առաջարկվող փաթեթը սահմանում է ընթացակարգային լուծումներ և տալիս է հարակից կարգավորումներ:

 

ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ 

Նոր օրենքը կնպաստի կանխատեսելի բիզնես միջավայրի ստեղծելուն` տատանումներից «ապահովագրության» մեխանիզմներ տալով, ինչպես նաև կստեղծի ներդրումային, ռիսկերի կառավարման, ֆինանսական շուկաների զարգացման հնարավորություն: 

Այն առավել մրցունակ ներդրումային միջավայր է ստեղծում Հայաստանի համար` անհատների և բիզնեսների համար` տալով ֆինանսական նոր գործիքակազմ: 

Մանրամասները` https://www.e-draft.am/projects/5646/justification