8 հուլիսի 2026

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թվի ավելացում՝ 49-ից 99

Dark Blue Modern Digital Marketing Webinar Facebook Post (5)

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակում քարտեզագրված և ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի կողմից մշակված՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թվի ավելացման մասին հարցի նախագիծն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

 

Պատմենք, թե ինչ է փոխվել գործնականում: Մինչ այժմ գործող կարգավորման համաձայն՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդը կարող էր ունենալ առավելագույնը 49 մասնակից։ Գործնականում այս սահմանափակումը էական խոչընդոտ էր ֆոնդերի աճի և գործունեության համար, քանի որ դրանք ստիպված էին կենտրոնանալ հիմնականում խոշոր ներդրողների ներգրավման վրա՝ չգերազանցելու մասնակիցների թույլատրելի առավելագույն թիվը։

 

Միևնույն ժամանակ, շուկայում հաճախ առկա է ավելի մեծ հետաքրքրվածություն փոքր և միջին ծավալի ներդրումների նկատմամբ, սակայն գործող սահմանափակման պատճառով այդ ներդրումների ներգրավումը տնտեսապես արդյունավետ չէր և սահմանափակում էր ֆոնդերի աճի հնարավորությունները։

 

Ընդունված փոփոխությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը 49-ից բարձրացվում է մինչև 99։

 

Այս փոփոխությունը հնարավորություն կտա ֆոնդերին ներգրավել ավելի լայն շրջանակի ներդրողների, մեծացնել կապիտալի ներհոսքը և ձևավորել առավել ճկուն ու արդյունավետ ներդրումային միջավայր։

Օրենսդրական այս բարեփոխումը կարևոր քայլ է Հայաստանի ներդրումային էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։ Փոփոխությունը կդառնա կարևոր խթան ՏՏ սկսնակ ընկերությունների (ստարտափների) և այլ արագ աճող բիզնեսների համար՝ ընդլայնելով նրանց ֆինանսավորման հնարավորությունները ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի միջոցով։