6 դեկտեմբերի 2023
ՓՄՁ Զարգացման Խորհրդի տարեվերջյան նիստ
Այլ
Խորհրդի նիստեր
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստերը: Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Նիստի ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով այս նպատակով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման ու զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների վերաբերյալ։
Տնտեսավարողների կողմից բարձրորակ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայման հնարավորությանը։ Փոխվարչապետի հանձնարարականով այս մասով հետագա քննարկումներ են իրականացվելու համապատասխան գերատեսչությունների հետ` փոխհամաձայնեցված առաջարկությունների փաթեթ պատրաստելու նպատակով:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր փորձաքննության արդյունքների համաձայն երկակի նշանակության ապրանքներ չհանդիսացող ապրանքների արտահանման և ռազմական նշանակության ապրանք չհանդիսացող ապրանքների ներմուծման ժամանակ կրկնակի փորձաքննության անհրաժեշտությունը բացառելուն ուղղված կարգավորումների ներդրմանը, որի մասով կարևորվեց առավել ներառական ու լայնածավալ բարեփոխման անհրաժեշտությունը:
Գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրման մասով կար ընդհանուր կոնսենսուս: Այս մասով բարեփոխման նախագիծը կշրջանառվի Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Բարեփոխումների հետագա զարգացումներին կարող եք ծանոթանալ` հետևելով էջին: