19 հունիսի 2024

ՓՄՁ Զարգացման Խորհրդի նիստ` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

06

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման խորհրդի հերթական նիստը: 

 

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նոր ընդունված բարեփոխումների մասին տեղեկատվություն, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունների համար նոր աշխատողներ ներգրավելու ծրագիրը, առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև փոխհարաբերությունները կարգավորող նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա մայիսից, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի հասանելիությունը մեր օրենսդրության մեջ և այլն: Ներկայացվեց նաև բարեփոխումների և նոր ծրագրերի մասով Հայաստանի ներդրումային խորհրդի կատարած իրազեկման աշխտանքները, որի շրջանակներում թիմի կողմից այցեր էին կատարվել Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև Երևան` տեղեկատվությունը հասանելի դարձնելով հարյուրավոր բիզնեսների համար: 

 

Փոխվարչապետը կարևորեց բարեփոխումների մասին տարբեր խողովակներով իրազեկումն ու հանրությանն առավել հասանելի դարձնելը, շեշտադրելով նաև մոնիթորինգային աշխատանքները` բարեփոխումների արդյունավետությունը ճիշտ գնահատելու և շարունակական զարգացում ապահովելու նպատակով: 

 

Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նաև ընթացիկ բարեփոխումների կարգավիճակը, մասնավորապես` ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանում, Օպցիոն պայմանագրերի մասին նոր օրենք, Գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրում, կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայում և այլն, որոնց վերջնականացնելու մասով փոխվարչապետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 

 

Այնուհետ քննարկվեց ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման հնարավորությունը, որով առաջարկվում է կանոնակարգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը, սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին և այլն: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ներկայացրեց, որ այս խնդրի լուծումը առանցքային նշանակություն ունի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար, քանի որ convertible debt/note կամ փոխարկելի պարտքային գործիքը լայնորեն օգտագործվում է ՏՏ ոլորտի ստարտափներում ներդրումներ ներգրավելու համար: 

 

Քննարկվեց անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախաձեռնությունը, որով առաջարկվում է՝

  • բարձրացնել 100.000 դրամ շեմը՝ սահմանելով 300.000 դրամ,

  • 300,000 - 2,000,000 դրամ արժողությամբ գործերի դեպքում նոտարով ստացված որոշումը հիմք համարել դեբիտորական պարտքը անհուսալի ճանաչելու համար

  • 300,000 դրամ գերազանցող գործերի դեպքում հնարավորություն տալ պարտքը անհուսալի ճանաչել նաև արբիտրաժի միջոցով 

Համապատասխան գերատեսչությունների հետ փոխվարչապետի հանձնարարականով տեղի կունենան հանդիպումներ` լրամշակման ու առանձին դրույթների մասով համաձայնության գալու նպատակով:

 

Նիստի արձանագրությունը հասանելի է այստեղ: 

 

Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: