25 հուլիսի 2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը գլխավորեց ՓՄՁ Զարգացման Խորհրդի նիստը

07

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման խորհրդի հերթական նիստը: 

 

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց ընթացիկ բարեփոխումների մասին տեղեկատվություն, մասնավորապես` 

  • ՀՀ ՊԵԿ կողմից ներկայացված` ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ ենթախորհրդի նիստին կայացած քննարկման վերաբերյալ դիրքորոշումը, 

  • բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրաբերությունների ծավալը մեծացնելու նպատակով հարկային փոփոխությունները,

  • օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանման, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծման անհրաժեշտությունը,

  • գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունը, 

  • ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդերի սխալ տպագրման դեպքում (իրականությանը համապատասխանող ապրանքի անվանման տպագրման պայմաններում) ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանումը,

  • գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրման հնարավորությունը,

  • փորձաքննության արդյունքների համաձայն երկակի նշանակության ապրանքներ չհանդիսացող ապրանքների արտահանման և ռազմական նշանակության ապրանք չհանդիսացող ապրանքների ներմուծման ժամանակ կրկնակի փորձաքննության անհրաժեշտությունը բացառելուն ուղղված կարգավորումների ներդրումը,

  • Կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայումը և այլն: 

Այնուհետ ներկայացվեց օրակարգային առաջին հարցը, որն ուղղված էր հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության ներդրմանը:

Երկրորդ կետով ներկայացվեց Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրության մի շարք խնդիրների վերաբերյալ փոփոխությունների փաթեթը, որն անդրադառնում է հետևյալ հարցերին` 

  • Տնօրենի լիազորությունների հստակեցում:

Վերամշակված օրենքը այժմ հստակեցնում է տնօրենի լիազորությունները ստանձնելու, իրականացնելու և դադարեցնելու գործընթացները։ Սա վերացնում է շփոթությունը և հնարավոր վեճերը, ապահովում է սահուն անցումներ և ավելի կայուն ղեկավարություն։

  • Անհարկի վարչարարության կրճատում:

Մեկ այլ կարևոր փոփոխություն է անընդհատ վարչարարական պահանջների կրճատումը, օրինակ՝ բաժնետիրական փոխանցման ժամանակ մի քանի պետական գրանցումների անհրաժեշտությունը։ Այս գործընթացների պարզեցումը խնայում է ժամանակ և ռեսուրսներ` հեշտացնելով բիզնեսների արդյունավետ գործունեությունը։

  • Առավել ճկուն մեխանիզմներ

Նոր օրենքը ներառում է կետեր, որոնք նպաստում են ճկունության մեծացմանը, օրինակ՝ թույլ տալով միաձայն որոշումներ կայացնել առանց պաշտոնական նիստի հրավիրման։ Սա հնարավորություն է տալիս բիզնեսներին կայացնել արագ, համաձայնված որոշումներ` խթանելով ավելի ճկուն բիզնես միջավայր։

 

Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել նաև ՓՄՁ գործունեության տեսանկյունից անհրաժեշտ խնդիրների վերհանման և դրանց ներկայացման մեխանիզմներին:

 

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից: