17 սեպտեմբերի 2025
«Ներգրավեք ֆինանսներ այլընտրանքային ներդրումային գործիքների միջոցով». IC Armenia միջոցառում
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Սեպտեմբերի 16-ին «Կոնգրես Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Ներգրավեք ֆինանսներ այլընտրանքային ներդրումային գործիքների միջոցով. Ինչ է պետք իմանալ» խորագրով միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցել են ՏՏ ոլորտի շուրջ 100 ստարտափներ և այլ ընկերություններ: Միջոցառման ընթացքում ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը ներկայացրեց փոխարկելի փոխառության (convertible debt), ՍԵՅՖ և քրաուդֆանդինգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։ Այս փոփոխությունները մշակվել են ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի, Էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատնանքի շնորհիվ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ով իր խոսքում նշեց կատարված բարեփոխումների կարևորությունը և նոր հնարավորությունների ստեղծումը. «Ստարտափները նորարարության հիմքն են։ Այդուհանդերձ, ֆինանսավորման հասանելիությունը մնում է նրանց ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Այլընտրանքային ներդրումային գործիքները` ինչպիսիք են Փոխարկելի փոխառությունը, ՍԵՅՖը և քրաուդֆանդինգ ներդրումները, ուղղակիորեն լուծում են այս խնդիրը՝ բացելով նոր ուղիներ վաղ փուլի ֆինանսավորման համար։ Այս բարեփոխումները արտացոլում են ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ ստեղծելու աջակցող ներդրումային միջավայր, որը հզորացնում է ձեռնարկատերերին, նվազեցնում է ֆինանսական սահմանափակումները և միացնում է Հայաստանի տնտեսությունը համաշխարհային լավագույն փորձին»:
Մեծ Բրիտանիայի դեսպանության փոխդեսպան Փոլ Մորիսն իր խոսքում նշեց. «Հայաստանը կառուցում է ավելի դինամիկ և ճկուն տնտեսություն, և Միացյալ Թագավորությունը ուրախ է աջակցել այդ վերափոխմանը մեր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով։ Մենք օգնում ենք զարգացնել ֆինանսավորման նորարարական տարբերակներ, ինչպիսիք են փոխարկելի պարտատոմսերը և քրաուդֆանդինգը։ Այս կերպ, Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ, Միացյալ Թագավորությունը ոչ միայն դիվերսիֆիկացնում է Հայաստանի համար ներդրումային հնարավորությունները, այլև ամրապնդում է կայուն աճի հիմքերը, որը օգուտ կբերի մեր երկու ազգերին»։
Բացման խոսքերը եզրափակեց ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը` ընդգծելով, որ. «Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այլընտրանքային ներդրումային գործիքները՝ ՍԵՅՖ, փոխարկելի փոխառություն և քրաուդֆանդինգ ներդրումները, այսուհետ հասանելի են Հայաստանում։ Այս նոր գործիքները թույլ կտան Հայաստանի 7000-ից ավելի ՏՏ ընկերություններին և տարեկան ստեղծվող 800 նոր ստարտափներին ներգրավել անհրաժեշտ ֆինանսավորում։
Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը շարունակաբար հետևում է կատարված բարեփոխումներին՝ մշտադիտարկելով դրանց արդյունքները։ Մենք լիահույս ենք, որ այս գործիքների ներդրումը զգալիորեն կխթանի ներդրումների ծավալը հայկական ընկերություններում»։

Բացման խոսքերին հաջորդեց բարեփոխումների ներկայացումը, մասնավորապես՝ փոխարկելի փոխառության, ՍԵՅՖ պայմանագրերի, քրաուդֆանդինգի և բուհերին կատարվող նվիրատվությունների մասին։ Ներկայացումից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին փորձագետներին։
Հաջորդիվ, eqwefy.com քրաուդֆանդինգ ներդրումների հայկական հարթակի գործադիր տնօրեն Սամսոն Ավետյանը ներկայացրեց հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս կատարել 5000 կամ 10 հազար դրամից սկսած ներդրումներ հեռանկարային ստարտափներում։
2B բիզնես աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Շատվերովը ներկաների հետ անցկացրեց սիմուլյացիոն խաղ՝ գործնականում հասկանալու համար, թե ինչպես են աշխատում այլընտրանքային ներդրումային գործիքները, և ինչպես են բաժնետոմսերը բաշխվում ներդրողների միջև։
Միջոցառման վերջին հատվածում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արամ Խաչատրյանը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախատեսված նոր փոփոխությունները, որից հետ մասնակիցները Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետների հետ քննարկեցին ու փորձեցին քարտեզագրել օրենդրական խնդիրները, որոնց բախվում են ՏՏ ընկերությունները։
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։