19 փետրվարի 2026
«Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ և արտահանման ապահովագրություն արտադրողների համար». միջոցառում
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Փետրվարի 17-ին «Կոնգրես Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ և արտահանման ապահովագրություն արտադրողների համար» խորագրով միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից` ԱրմՍվիսԲանկի գործընկերությամբ:
Արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար մեկ հարթակում համախմբվել էին մի շարք առանցքային թեմաներ, որոնք ներկայացրեցին Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները, ԱրմՍվիսԲանկի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի խորհրդատվության թիմի ներկայացուցիչները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ով իր խոսքում նշեց կատարված բարեփոխումների կարևորությունը և նոր հնարավորությունների ստեղծումը արտադրողների համար. «Արտադրողները Հայաստանի տնտեսության առանցքն են և ՎԶԵԲ-ը մշտապես նրանց կողքին է՝ տրամադրելով ոչ միայն ֆինանսավորում, այլև մասնագիտական փորձառություն, աջակցություն բարեփոխումներին և գործընկերային կապեր, որոնք նպաստում են կայուն աճին ու միջազգային մրցունակության ապահովմանը։
Ֆինանսական միջոցներն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ բիզնեսները կարող են օգտվել ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի – ՎԶԵԲ-ի վարկային գծից տեղական գործընկեր բանկերի միջոցով՝ ստանալով մինչև 35% հետվճարի (cashback) հնարավորություն՝ համապատասխան ներդրումների հաջող իրականացման դեպքում: Միևնույն ժամանակ, Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից վերջերս ընդունված կարևոր կառուցվածքային բարեփոխումները զարգացման և կայուն աճի նոր հորիզոններ են բացում:
Այս ծրագրերն ու բարեփոխումները միասին արտացոլում են ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ խթանելու ՓՄՁ-ների աճը, արդիականացումը և երկարաժամկետ դիմակայունությունը»:
ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն իր խոսքում նշեց. «ԱրմՍվիսԲանկը կարևորում է ֆակտորինգային ծառայությունների և արտահանման ապահովագրության զարգացումը՝ բիզնեսին արագ ֆինանսավորում և կայուն աճ ապահովելու նպատակով։ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ժամանակակից լուծումներ՝ նրանց մրցունակությունը բարձրացնելու համար: Մենք նպատակ ունենք նման հանդիպումները դարձնել շարունակական հարթակ բիզնեսի և ֆինանսական ոլորտի միջև համագործակցության ամրապնդման համար՝ ապահովելով գիտելիքի և հնարավորությունների մշտական փոխանակում»:
Բացման խոսքերը եզրափակեց Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը` ընդգծելով, որ. «Մեր նպատակն է ներկայացնել արտադրողներին բոլոր այն հնարավոր աջակցման ծրագրերն ու պրոդուկտները, որոնք կարող են օգնել թե ֆինանսավորման, այնպես էլ բիզնեսի ընդլայնման, աշխատողների ներգրավման, արտահանման ուղիների ընդլայնման և արտահանման ռիսկերի նվազեցման հարցերում։ Ուրախ ենք նշել, որ վերջին շրջանում հանդիպումները արտադրողների հետ ավելի հաճախակի են դարձել, ինչը հնարավորություն է տալիս քննարկել կարևոր զարգացումներ և նոր հնարավորություններ։
Ներկայացվող ծրագրերի և նոր բարեփոխումների շնորհիվ, արտադրողները կարող են օգտվել, օրինակ, ապրանքների և ընկերությունների սերտիֆիկացման աջակցության ծրագրից՝ ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում ստանալու հնարավորությամբ, ինչպես նաև համախառն եկամտից մինչև 2.5%-ի չափով հարկային նվազեցումներ կատարել՝ պետական բուհերին կամ այլ կրթական հաստատություններին կատարած նվիրատվությունների դեպքում, ինչը ուղղակիորեն աջակցում է նրանց ֆինանսական կայունությանը և զարգացման հնարավորություններին»:
Շարունակելով ելույթը, նա նշեց նաև համագործակցության կարևորության մասին. «Մեզ համար կարևոր է, որ միջոցառումներն իրականացվեն համագործակցության շրջանակում մեր գործընկեր բանկերի և այլ ֆինանսական ինստիտուտների հետ. այս անգամ ուրախ ենք համագործակցել ԱրմՍվիսԲանկի հետ՝ կարևորելով համատեղ ջանքերը հայկական արտադրողների զարգացման և հաջողության համար»:

Բացման խոսքերին հաջորդեց տեղական ռեգրեսային և ոչ ռեգրեսային ֆակտորինգի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին ԱրմՍվիսԲանկի կողմից առաջարկվող գործիքներն ու դրանց կիրառման հնարավորությունները բիզնեսի համար։ Այնուհետև անդրադարձ կատարվեց Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ապահովագրական պրոդուկտներին՝ արտահանման հետ կապված կարճաժամկետ առևտրային վարկի ապահովագրությանը, նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությանը և կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրությանը։
Ներկայացումներից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ, Առևտրի ֆինանսավորման և թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Անժելա Բարսեղյանին, ինչպես նաև Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանին։
Հաջորդիվ Հայաստանի Ներդրումային խորհրդի փորձագետները ներկայացրեցին վերջին շրջանում ընդունված բարեփոխումները և աջակցության ծրագրերը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց ֆակտորինգի բարեփոխմանն ու ապրանքների և ընկերությունների սերտիֆիկացման աջակցության ծրագրին: Անդրադարձ կատարվեց նաև պետական բուհերին կամ այլ կրթական հաստատություններին նվիրատվություններ կատարելու դեպքում համախառն եկամտից մինչև 2.5%-ի չափով նվազեցումների հնարավորությանը և թե ինչպես ընկերությունը կարող է պետությունից ստանալ աջակցություն` անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի վերցնելու պարագայում։
Ներկայացումից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին Հայաստանի Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին, ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանին և ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանին։
Հաջորդիվ ներկայացվեցին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող EU4Business–EBRD վարկային գծին, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին ստանալ ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ։ Վարկային գիծը ներկայացրեց ծրագրի համակարգող ղեկավար Լիլիթ Ղարայանը՝ անդրադառնալով դրա գործնական կիրառությանը և բիզնեսների համար ընձեռվող հնարավորություններին։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Փոքր բիզնեսի խորհրդատվության թիմի անդամ Արմինե Առաքելյանը ներկայացրեց Ready to Export ծրագիրը՝ արտահանման պատրաստվածության և զարգացման հատուկ նախաձեռնություն արտադրողների համար, որը միտված է տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանն ու միջազգային շուկաներ մուտք գործելու կարողությունների զարգացմանը։ Նա նշեց, որ մասնակցության հայտադիմումների ընդունումը արդեն բաց է, և հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել:
Միջոցառման վերջին հատվածում մասնակիցները կլոր սեղանների շուրջ շարունակեցին քննարկումները փորձագետների հետ՝ ուղղելով իրենց հարցերը ներկայացված ծրագրերի վերաբերյալ և բարձրաձայնելով բիզնեսում առկա մի շարք խնդիրներ։
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ–ի աջակցությամբ։