8 մայիսի 2024

SAFE պայմանագրերն այսուհետ հասանելի են նաև Հայաստանում

05

SAFE-ը պայմանագրի տեսակ է, որը թույլ է տալիս ներդում ներգրավել նորաստեղծ բաժնետիրական ընկերությունում` պայմանով, որ եթե ընկերությունը հաջողի, ապա ներդրողը կստանա բաժնետոմսեր` արտոնյալ պայմաններով:

 

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել էր Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի կողմից` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ խորհրդի շրջանակներում:

 

Օրենքի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար: 

 

Ի՞ՆՉ Է ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագիրը 

 

Այն միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք է, որի միջոցով իրականացվում է ստարտափ (start-up) ընկերությունների կամ այլ ընկերությունների ֆինանսավորումը դրանց զարգացման սկզբնական (pre-seed և seed) փուլերում: Այն հատկապես լայնորեն կիրառվում է բիզնես-հրեշտակների կողմից նախնական փուլում ներդրումների կատարման համար, հանդիսանում է բիզնես-հրեշտակների համար ճանաչելի և վստահելի գործիք: 

 

Իրավական առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը համաձայնություն է, որի շրջանակներում ներդրողը ընկերությունում ներդնում է դրամական միջոցներ, որպես կանոն համեմատաբար ոչ մեծ ծավալի, պայմանով, որ եթե ընկերությունը հասնի հաջողության (ներգրավի շատ ավելի մեծ ներդրումներ, ձեռք բերվի ավելի խոշոր ընկերության կողմից և այլ) ներդրողը կստանա իր ներդրման դիմաց որոշակի քանակի բաժնետոմսեր։ Այն դեպքում, եթե ընկերությունը չհաջողի (սնանկության կամ լուծարման գործընթացում հայտնվի և այլն) ներդրման գումարը ենթակա կլինի վերադարձման: 

 

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՍԵՅՖ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 

 

«ՍԵՅՖ» (SAFE) պայմանագրի բացակայության պատճառով ներդրողները հաճախ կորցնում էին հետաքրքրությունը ՀՀ սկսնակ ընկերությունում ներդրում կատարելու, քանի որ ծագում էին հավելյալ ծախսեր իրավական ուսումնասիրություն կատարելու համար: 

Մեր իրականության համար այս գործիքի կիրառումը առավել կարևոր է, հաշվի առնելով նաև ներդրումային քրաուդֆանդինգի հնարավորությունների առկայությունը երկրում, ինչպես նաև Սփյուռքից փոքր ձեռնարկություններում ներդրումների ներգրավման հավանականությունն ու մատչելիությունը բարձրացնելու արդիականությունը։ 

 

ՍԵՅՖ պայմանագիրը հաճախ չունի ժամկետ և որպես կանոն չի առաջացնում տոկոսների վճարման անհրաժեշտություն, միևնույն ժամանակ ի տարբերություն բաժնետոմսերի ուղղակի վաճառքի դեպքերի, ներդրողը անմիջապես ձեռք չի բերում կառավարմանը մասնակցելու, շահութաբաժին ստանալու և այլ իրավունքներ, իսկ սնանկության դեպքում չի հայտնվում այլ բաժնետերերի հետ հավասար պայմաններում, այլ ստանում է ավելի բարձր առաջնահերթություն: 

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

 

Եթե դուք ունեք գաղափար և կարիք ունեք ներդրողներ գտնել, ապա ձեր սկսնակ բիզնեսը ֆինանսավորելով` ներդրողը հնարավորություն ունի իր ներդրումը վերածել բաժնետոմսերի` նախագծի հաջողության դեպքում: Եթե, օրինակ, 4 տարի անց, ձեր սկսնակ ձեռնարկությունը վերածվի հաջողակ բիզնեսի, ապա ներդրողը կստանա պայմանագրով ամրագրված բաժնեմաս: Իսկ չհաջողված համարվելու պայմանները վրա հասնելու դեպքում ներդրողը կարող է հետ ստանալ ներդրման գումարը: Կարևոր է հիշել, որ կողմերն իրենց փոխադարձ համաձայնությամբ են որոշում պայմանագրի պայմանները: 

 

Օրենքի հղումն այստեղ:

 

Խնդիրը քարտեզագրվել էր փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի կողմից: Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: