27 հունվարի 2023

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 19-րդ նիստը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ

10

Հունվարի 25-ին կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 19-րդ նիստը՝ նորընտիր 11 անդամներով, որը ղեկավարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստին մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։

 

Նիստին քննարկվեցին ՓՄՁ-ների առավել սահուն և անխոչընդոտ  գործունեություն ապահովող մի շարք օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ հեռավար և համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձևավորման, ՍՊԸ-ների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման և մի շարք այլ փաթեթներ։

 

Նիստի մեկնարկին ամփոփվեցին նախկինում քննարկված և մշակված մի շարք նախագծերի փաթեթներ, այդ թվում մեծ առևտրային ցանցերի կողմից փոքր և միջին մատակարարների ոչ ժամանակին վճարումներ կատարելու հարցը։ Որոշվեց, որ երկամսյա ժամկետում նախագիծը կվերալրաամշակվի և կներկայացվի Կառավարության քննարկմանը։  

 

Ողջունելով խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ պետություն-մասնավոր երկխոսության այս ձևաչափը շարունակելու է ներկայանալ որպես գործարար շրջանակներին մտահոգող խնդիրները բացահայտելու եւ մասնավոր հատվածի ձայնը որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։ Շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին՝ փոխվարչապետը հույս հայտնեց, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձևավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանը։

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին առանձնահատուկ կարևորությամբ նշեց պետական մարմինների պատրաստակամության կարևորությունը գործարար համայնքի հետ անմիջական երկխոսություն ունենալու, ասելով, որ ՎԶԵԲ-ի  առանցքային մոտեցումներից ներդրումներին զուգահեռ նաև աջակցել գործարար-պետական համայնքի ինստիտուցիոնալ երկխոսության կայացմանը, և Հայաստանը հանդիսացել է տարածաշրջանում առաջին երկիրը, որտեղ նման խորհուրդ է ստեղծվել, և նման ձևաչափի քննարկումները իրականություն են դարձել արդեն տևական ժամանակ։ 2022թ․ Հայաստանի ներդրումային խորհրդի տասնհինգամյակի արարողությանը ներկայացված բարեփոխումների մեծ պորտֆելը վկայում է այս երկխոսության և դրա բովանդակության կարևորության մասին։

 

Նիստին ներկա Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ Հայաստանի ներդրումային խորհուրդը արդյունավետ համագործակցում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության հետ և համատեղ  մշակում օրենսդրական բարեփոխումներ, որոնք առավել գրավիչ են դարձնում գործարար աշխարհը։ Դեսպանը կարևորեց Հայաստանի կառավարության դիրքորոշումը՝ ՓՄՁ զարգացման խորհրդի հարթակի միջոցով բաց երկխոսություն ունենալ բիզնես միջավայրի հետ և ստանձնել խորհրդի կանոնավոր հանդիպումների իրականացումը։ ՓՄՁ-ների ներգրավվածությունը քաղաքականության քննարկումներում և արդյունավետ պետություն-մասնավոր հատված երկխոսությունը  հանդիսանում է տնտեսական բարեփոխումների  և ներդրումային միջավայրի բարելավման շարժիչ ուժ:

 

Առաջարկվող բարեփոխումների, քննարկվող հարցերի ընթացքի մասին հավելյալ թարմացված տեղեկատվություն կարող եք գտնել կայքի «Նորություններ» բաժնում, արդեն ընդունված կամ առաջարկվող բարեփոխումների ցանկը կարող եք գտնել կայքի «Բարեփոխումներ» բաժնում։