19 դեկտեմբերի 2022

Փոփոխություններ շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հարկման համակարգում

12

ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ բազմակի օգտագործման տարայի օտարումն ազատվում է ԱԱՀ-ից: Այս կարգավորման նպատակը բազմակի օգտագործման տարաների օգտագործման խրախուսելն էր, ինչպես նաև նաև բնապահպանական օգուտներ ապահովելն էր, հաշվի առնելով, որ կապահովեր շրջանառու տարաների հնարավորինս շատ օգտագործում: Բայց գործնականում այս  կարգավորման կիրառության հետ կապված կան մի շարք խնդիրներ։ Բազմակի օգտագործման տարա օգտագործող բիզնեսները հիմնականում վաճառքն իրականացնում են դիստրիբյուտորների միջոցով, որոնց կողմից իրացումն ազատված չէ ԱԱՀ-ից: ԱԱՀ-ով հարկվում են նաև շրջանառելի տարաների վերադարձի (ետ վաճառքի) գործարքները` անկախ նրանից օտարումն իրականացվում է դիստրիբյուտորներին, թե արտադրողին: Այսինքն, անգամ եթե արտադրողի կողմից իրացումն ԱԱՀ-ից ազատված է, դա  չի կարգավորում վաճառքի ամբողջ և բազմակի օգտագործվող միևնույն տարայի վերադարձը հարկվում է այնքան անգամ, որքան այն շրջանառվում է: Արդյունքում` որոշ տնտեսավարողներ հրաժարվել են իրենց տարաները շրջանառելու մեխանիզմից և անընդհատ նոր տարաներ են գնում և մտցնում շուկա: 

 

Խնդիրը փոքր-ինչ այլ է հանրային սննդի օբյեկտների հետ հարաբերություններում, որտեղ արտադրողները ապրանք օտարելիս, որպես կանոն, շրջանառելի տարաները չեն օտարում, այլ տարբեր մեխանիզմներով տրամադրում են պահպանման` հետագայում վերադարձնելու պայմանով: 

 

Նշված երևույթները ստեղծում են տնտեսական անհարկի ծախսեր` շրջանառության ենթակա տարաների փոխարեն նոր ձեռք բերվող տարաների վրա կատարվող ծախսի մասով: Ընդ որում, այդ տարաները հիմնականում ներկրվում են և երկրի ներսում լրացուցիչ արժեք չեն ստեղծում: Չնայած շրջանառելի տարաների հավաքմամբ և վերադարձով զբաղվող տնտեսավարողների առկայությանը` տարաների որոշ մասը մնում է որպես թափոն և ստեղծում բնապահպանական խնդիրներ: Այն մասը, որը հավաքվում է թափոններից և վաճառվում տարայավորված ապրանք արտադրողին, ենթադրում է հավելյալ ծախսեր` հետագայում օգտագործելու համար և ավելի հաճախ է լինում ոչ պիտանի:

 

 

Գործարար համայնքի հետ քննարկումներ ունենալուց հետո, Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ էկոնոմիկայի հետ համատեղ մշակել է կարգավորումների նոր փաթեթ, որով առաջարկվում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում` դրանում նախատեսելով, որ շրջանառելի(բազմակի օգտագործման) տարան, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով:

 

Նախագծի նպատակն է պայմաններ ստեղծել շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հնարավորինս շատ շրջանառելու համար: Այսպիսով, այս նախագիծը կնպաստի նոր տարաների հնարավորինս քիչ ձեռք բերմանը` նվազեցնելով տնտեսության համար առաջացող լրացուցիչ ֆինանսական և բնապահպանական խնդիրները:

 

Մասնավորապես, հաշվարկվել է, որ նախագծի ընդունման արդյունքում բազմակի օգտագործման հետևանքով կարող է նվազել նոր տարաների ձեռքբերումը      շուրջ 20 միլիոնով, ինչը կխնայի   շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Բնապահպանական տեսանկյունից օգուտը կլինի ապակե տարաների պահանջարկի նվազման արդյունքում ածխածնի երկօքսիդի մթնոլորտ արտանետման ծավալի նվազումը տարեկան  շուրջ 5000 տոննայով: