24 սեպտեմբերի 2026

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 42-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ

1F0A5978

Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 42-րդ նիստը։

 

Նիստի սկզբում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախկինում քննարկված հարցերի կատարման մասին զեկույց: Զեկույցին հաջորդեց օրակարգային հարցերի քննարկումը:

 

Օրակարգում ներառված էին առևտրային ցանցերի կողմից մատակարարներին կատարվող վճարումների ուշացումների խնդրին վերաբերող երկու փոխկապակցված հարց՝ վճարումների նկատմամբ պարբերական հաշվետվողականության ավտոմատացված համակարգի ներդրումը և ուշացած վճարումների համար պատասխանատվության կիրառման գործող պայմանների վերանայումը։

 

Գործող օրենսդրությամբ առևտրային ցանցերը պարտավոր են մատակարարներին վճարել սննդամթերքի համար՝ առավելագույնը 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում։ Սակայն վճարումների ուշացումները շարունակում են մնալ բիզնեսի կողմից բարձրաձայնվող խնդիրներից մեկը։ Միաժամանակ, մատակարարները հաճախ խուսափում են բողոք ներկայացնելուց՝ առևտրային ցանցերի հետ գործարար հարաբերությունները չվտանգելու համար, իսկ վերահսկող մարմինը չունի վճարումների վերաբերյալ պարբերական և ամբողջական տեղեկատվություն։

 

Հարցը ներկայացրեց Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավաբան Հայկ Մալխասյանը։ Քննարկման ընթացքում իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները ներկայացրին նաև «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Հայկազ Ֆանյանը, ՖԻՆԱՐՄ-ի տնօրեն Կարեն Զաքարյանը և այլ մասնակիցներ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց Աննա Պետրոսյանը։

 

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանձնարարեց վերանայել պատասխանատվության կիրառման համար գործող 90-օրյա կետանցի շեմը՝ այն կրճատելով մինչև 30 օր, վերանայել գործող կուտակված պարտքի շեմը մինչև 1,5 մլն դրամ, ներդնել ավտոմատացված հաշվետվողականության համակարգ, որը հնարավորություն կտա համակարգված կերպով արձանագրել առևտրային ցանցերի վճարումների ուշացումները, ինչպես նաև վերանայել գործող պատասխանատվության միջոցների չափերը։

 

Նախագիծը կլրամշակվի՝ հաշվի առնելով նիստի ընթացքում ընդունված որոշումներն ու հնչած առաջարկությունները, այնուհետև կշրջանառվի շահագրգիռ գործընկերների կարծիքների հավաքման համար։ Լրամշակված առաջարկները կներկայացվեն ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։

 

Նիստի ավարտին քննարկվեցին նաև տեղական արտադրանքի առաջխաղացման քաղաքականության հնարավոր մոդելները, որոնք կարող են փոքր արտադրողների համար ստեղծել ներքին շուկայում իրացման ավելի լայն հնարավորություններ և ապահովել նրանց արտադրանքի ավելի լավ ներկայացվածությունը առևտրային ցանցերում։ Հարցն առավել մանրամասն կքննարկվի ենթախորհրդի առաջիկա նիստերից մեկում։