30 ապրիլի 2026
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 40-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Հարկային օրենսգիրք
Ենթախորհրդի նիստեր

Ապրիլի 29-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 40-րդ նիստը:
Նիստի սկզբում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախկինում քննարկված հարցերի կատարման մասին զեկույց: Զեկույցին հաջորդեց օրակարգային հարցի քննարկումը:
Օրակարգում ներառված էր մեկ հարց` ՀՀ ՊԵԿ կողմից մշակված ««ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի» նախագծի վերաբերյալ (տրանսֆերային գնագոյացման որոշ իրավակարգավորումների վերանայում):
Հարցը նախկինում ևս քննարկվել էր ենթախորհրդի նիստի շրջանակներում, որից հետո ՊԵԿ գործընկերները տրանսֆերային գնագոյացման նախագծում առաջարկել էին մի շարք լուծումներ՝ նիստի ընթացքում բարձրացված հարցերի կարգավորման նպատակով։ Նիստի ընթացքում հարցը զեկուցեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նա ներկայացրեց տրանսֆերային գնագոյացման նախագծում կատարված փոփոխություններն ու դրույթները: Հարցի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Հովհաննես Մելքոնյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը, ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:
ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամները նշեցին, որ կողմ են կատարված փոփոխություններին, սակայն նախագծում դեռ առկա են մի շարք հարցեր, որոնք լրացուցիչ մշակման և հստակեցման կարիք ունեն։ Հնչած հիմնական մտահոգությունները վերաբերում էին ազատական համակարգեր ունեցող երկրների կամ ազատական համակարգից օգտվող տնտեսվարող սուբյեկտների շրջանակի որոշմանը:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն առաջարկեց շարունակել քննարկումներն աշխատանքային կարգով՝ ներկայացված հարցերի շուրջ համատեղ լուծումներ գտնելու նպատակով։
Նախկինում լուծված հարցերի մասին ավելին` https://icarmenia.am/hy/reforms/transfer-pricing-initiative/
