1 ապրիլի 2026

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 39-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ

2026-03-30 22

Մարտի 31-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 39-րդ նիստը:

 

Նիստի սկզբում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախկինում քննարկված հարցերի կատարման մասին համապարփակ զեկույց: Զեկույցին հաջորդեց օրակարգային հարցերի քննարկումը: 

 

Օրակարգում ներառված էր երկու հարց, առաջինը` Հասարակական և արտադրական օբյեկտի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերի օտարման դեպքում դրանց կադաստրային արժեքների վճարման պարտավորությունը տարաժամկետ կարգով կատարելու հնարավորություն սահմանելու վերաբերյալ: 

 

Հարցը վերաբերում է հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված և սահմանված կարգով կառուցապատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերին (բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի), որոնք ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից ելնելով` անհատույց սեփականության իրավունքով, օրենքի ուժով, փոխանցվեցին այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ում մինչև 26.11.2005 թվականը նշված հողամասերը հատկացված էին անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:

 

Նշված անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի սեփականատիրոջ փոփոխության դեպքում (առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման) սահմանված է հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայման՝ վճարման պարտավորությունը դնելով հողամասը ձեռք բերողի վրա, ուստի և հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրված հողամասը ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք հիմնականում խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասի ձեռքբերումից, քանի որ, որպես կանոն, դրանց՝ մակերեսի մեծ չափերից ելնելով, միանվագ վճարման ենթակա կադաստրային արժեքի գումարը զգալի է:

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կադաստրային արժեքի վճարումը Երևան համայնքում արտադրական, իսկ մյուս համայնքներում նաև հասարակական օբյեկտի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասը ձեռք բերողը իրավունք ունի կատարել տարաժամկետ կարգով, եթե ձեռք բերված հողամասի կադաստրային արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Ընդ որում, վճարման ենթակա գումարից առնվազն 10 միլիոն դրամը պետք է վճարվի միանվագ՝ մինչև հողամասի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել հողամասի գրավադրման և մի շարք այլ երաշխիքներ։

 

Նիստի ընթացքում ներկայացված հարցի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը,  «Սոցիալ-տնտեսական հետազոտությունների» կենտրոնի ներկայացուցիչ Հայկազ Ֆանյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը: Հարցի շուրջ էական առարկություններ չհնչեցին, բայց նշվեց, որ կա քննարկման և որոշ դրույթների լավարկման կարիք: ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ամփոփեց քննարկումը` առաջարկելով նախագծի մշակողներին ևս մեկ անգամ խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի նախագծում ներառվի նիստի ընթացքում հնչած առաջարկությունները և շրջանառվի ըստ սահմանված կարգի:

2026-03-30 22

Օրակարգային հաջորդ հարցը պետական գնումների ընթացակարգում երաշխիքի հետ կապված որոշ խնդիրների մասին էր: 

Ներկայացված խնդիրներն են.

– Գնման ընթացակարգի պոտենցիալ մասնակիցները երբեմն բանկերից ձեռք են բերում երաշխիքներ` գնման ընթացակարգին մասնակցության նպատակով, սակայն այնուհետև չեն մասնակցում այդ ընթացակարգին: Արդյունքում բանկի տեսանկյունից պրինցիպալի մասով առաջանում է ծանրաբեռնվածություն, որը խոչընդոտում է նույն պրինցիպալին այլ պրոդուկտների տրամադրմանը,

– Երաշխիքը տրամադրողը չի իմանում գնման ընթացակարգի շրջանակներում մատակարարված ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ընդունվելու (կամ չընդունվելու) մասին, ուստի առաջանում է երաշխիքի դադարեցման հետ կապված անորոշություն: Նույն խնդիրն առաջանում է մաս-մաս կատարման ենթակա գնումների դեպքում։

 

Խնդիրները ներկայացրեցին Հայաստանի Բանկերի միության անդամները, մասնավորապես Արդշինբանկի, Արմսվիսսբանկի և Ակբա բանկի ներկայացուցիչները: ՀՀ Ֆինանսերի նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ որևէ առարկություն չունեն ներկայացված խնդիրների վերաբերյալ: Նա նաև պատրաստակամություն հայտնեց աշխատանքային կարգով շարունակել քննարկումները և կատարել նշված փոփոխությունները: 

 

Իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ աջակցությամբ։