13 փետրվարի 2026
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 38-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Փետրվարի 12-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 38-րդ նիստը:
Նիստի սկզբում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախկինում քննարկված հարցերի կատարման մասին համապարփակ զեկույց: Զեկույցին հաջորդեց օրակարգային հարցերի քննարկումը:
Օրակարգում ներառված էր երկու հարց, առաջինը` Արտադրական և տրանսպորտի հողերի էներգետիկ նպատակներով/համակցված վերականգնվող էներգետիկայի նպատակով օգտագործումը դյուրացնելու վերաբերյալ հարցն էր («ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ):
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ սեփական սպառման նպատակով արևային կայաններ են տեղադրվում արտադրական տարածքներում, որի համար անհրաժեշտ է փոխել այդ տարածքների՝ էներգետիկայի նպատակով օգտագործվող հատվածների հողի նպատակային նշանակությունը։ Ընդ որում, եթե արևային պանելները տեղադրվում են շենքերի, շինությունների տանիքներին, ապա հողի նպատակային նշանակությունը փոխելու անհրաժեշտություն չի առաջանում։ Միաժամանակ, եթե նույնիսկ մեկ հենասյուն տեղադրվի գետնի վրա, ապա հենասյանը հարող որոշակի մասի հողի նպատակային նշանակությունը պետք է փոխվի «Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի»։ Նախագծով առաջարկվում է թույլատրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերում էներգետիկ նպատակներով օգտագործվող շենքերի, շինությունների կառուցումը և սպասարկումը, որի դեպքում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով։
Ինչպես նաև, առաջարկվում է թույլատրել տրանսպորտի օբյեկտների հողերում վերականգնվող էներգետիկ ռեսուրս (հողմային կամ արևային) օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ պայմանով, որ դա չի խոչնդոտում տվյալ հողերի նպատակային օգտագործմանը որպես տրանսպորտի օբյեկտների հողեր։
Հարցի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչ Հրաչյա Մուրադյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը: Հարցի շուրջ որևէ առարկություններ չհնչեցին: ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ամփոփեց քննարկումը նշելով, որ խորհուրդը դրական դիրքորոշում ունի հարցի շուրջ և նախագիծը կարող է շրջանառվել ըստ սահմանված կարգի:

Օրակարգային հաջորդ հարցը E-draft հարթակում հրապարակված` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Նախագծով առաջարկվում է ստեղծել աշխատանքային վեճերի հանձնաժողով։ Հարցը զեկուցեց ՀՀ Աշխատանքային և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, որից հետո ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներն ու գործընկերները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը: Մասնավորապես ելույթներով հանդես եկան «Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ հաշտարարների պալատի խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանը: Մասնակիցները նշեցին, որ չնայած նախագծին ընդհանուր առմամբ դեմ չեն, նախագծում առկա են մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք վերանայման կարիք ունեն: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը, Դավիթ Ղարիբյանը, ով ևս նշեց, որ նախագիծը զերծ չէ այնպիսի դրույթներից, որոնք դեռեւս վերանայման կամ հղկման կարիք ունեն:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ամփոփեց հարցի քննարկումը` առաջարկելով նախագծի մշակողներին ևս մեկ անգամ խոսել բոլոր կողմերի հետ` ապահովելու հավասար հնարավորություններ և հստակեցնելու աշխատանքային մեխանիզմերը, որպեսզի օրենքի փոփոխությունը ունենա դրական ազդեցություն:
Իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ աջակցությամբ։