15 հուլիսի 2026

ՓՄՁ Զարգացման Խորհրդի 31-րդ նիստ`փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

IMG_8601

Հուլիսի 14-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 31-րդ նիստը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Առաջին հարցի շրջանակներում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախորդ ամիսների ընթացքում Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ համապարփակ զեկույցը։ Այս համատեքստում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Պետրոսյանը ներկայացրեց առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարման կանխարգելմանն ուղղված կարգավորումների կիրառման մոնիտորինգի արդյունքները։ Նիստի մասնակիցները քննարկեցին վճարումների ժամանակին կատարման ապահովման հնարավոր մեխանիզմները։ Քննարկվեց նաև, հնարավորության դեպքում, վճարային պարտավորությունների չկատարման կանխարգելմանն ուղղված նմանատիպ կարգավորումները հանրային սննդի ոլորտում ներդնելու հարցը, ինչպես նաև առևտրային ցանցերում դարակաշարերի դասավորվածության բարելավմանը վերաբերող հարցերը՝ ՓՄՁ արտադրողների շահերի տեսանկյունից:

IMG_8611

Նույն հարցի շրջանակներում քննարկվեց նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարության նախագծի իրականացման համար նախատեսվող կառավարման կառույցի ձևավորման մոդելը։ Որոշվեց հարցը լրացուցիչ քննարկել ենթախորհրդի նիստի շրջանակներում և դրա արդյունքներով վերջնականացնել ձևավորվող կառույցի մոդելը։

 

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր արտադրական նշանակության հողերի՝ վերականգնվող էներգետիկայի նպատակներով օգտագործումը դյուրացնելու նպատակով մշակված նախագծին։ Նախագծով առաջարկվում է Թույլատրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերում  էներգետիկ նպատակներով օգտագործվող շենքերի, շինությունների կառուցումը և սպասարկումը, որի դեպքում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով։ 

Հարցը ներկայացրեց Խորհրդի անդամ, «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Հայկազ Ֆանյանը։ Քննարկման ընթացքում իրենց դիրքորոշումները ներկայացրին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները։

 

Հարցի շուրջ ձևավորվեց դրական դիրքորոշում։ Ամփոփելով քննարկումը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանձնարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը աշխատանքային կարգով շարունակել հարցի քննարկումը՝ հաշվի առնելով նիստի ընթացքում հնչած առաջարկությունները, լրամշակել նախագիծը և սահմանված կարգով ապահովել դրա հետագա ընթացքը։