11 փետրվարի 2026

ՓՄՁ Զարգացման Խորհրդի 30-րդ նիստ`փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

DSC_7382

Փետրվարի 10-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 30-րդ նիստը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Առաջին հարցի շրջանակում նիստի մասնակիցները շարունակեցին նախորդ նիստում քննարկված Հայաստանի ձեռներեցության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի քննարկումը (Ծրագիրը լրամշակվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միջազգային առևտրային կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում)։ Նախորդ քննարկման ընթացքում հնչեցված հիմնական խնդրահարույց հարցերից առանցքայինը վերաբերում էր ռազմավարության իրագործումն իրականացնող կառույցին։ Քննարկումը ծավալվեց երկու հիմնական ուղղությամբ՝ առաջինը՝ կառույցին վերաբերող մոդելների ներկայացումը, երկրորդը՝ կառույցի ֆինանսավորման մոդելը։

 

Նիստի սկզբում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրեկանյանը ներկայացրեց կառույցի վերաբերյալ նախորդ նիստից հետո կայացած քննարկումների արդյունքները, որից հետո արդեն ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումը հայտնեցին, ուղղելով իրենց հարցերն ու առաջարկությունները: Մասնավորապես ելույթով հանդես եկան` «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն  Սարգիս Կարապետյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Վահագն Համբարձումյանը, «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն»–ի տնօրեն Հայկազ Ֆանյանը, ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի տնօրեն Վլադիմեր Շատվերովը: Ելույթով հանդես եկան նաև Civitta խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը և Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Ամփոփելով քննարկումը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորեց ներկայացված առաջարկների նշանակությունը և Էկոնոմիկայի նախարարությանը տրվեց հանձնարարական լրամշակել նախագիծն ու այն շրջանառել խորհրդի անդամների կարծիքների հավաքագրման նպատակով։ Կարծիքների հավաքագրումից հետո արդեն կնշանակվի հաջորդ նիստը, որի ընթացքում կներկայացվի իրականացնող կառույցի ընտրված մոդելը և ֆինանսավորման մեխանիզմը։ 

DSC_7427

Օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների առավելագույն թվի ավելացում՝ 49-ից 99:

 

Հարցը զեկուցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչ՝ Կարեն Վարդանյանը, ելույթներով հանդես եկան` «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը, «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմեր Շատվերովը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Արտակ Մանուկյանը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը: Քննարկվող հարցի մասին առարկություններ չհնչեցին: Ավելին` կարևորվեց, որ հարցի ընդունումը ՏՏ սկսնակ ընկերությունների համար ֆինանսերի ներգրավման մեծ խթան կհանդիսանա: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Քանի որ նախագիծն արդեն շրջանառվել է և կարծիքները հավաքագրվել են, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տվեց հանձնարարական սահմանված կարգով շարունակել գործընթացը:

 

Իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ աջակցությամբ։