16 դեկտեմբերի 2025
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 29-րդ նիստ` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ
Այլ
Խորհրդի նիստեր

Դեկտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 29-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի ձեռներեցության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը։ Նշված նախագիծը նախապես քննարկվել էր ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 34-րդ նիստի ընթացքում, որի շրջանակում խորհրդի անդամները ներկայացրել էին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Ստացված կարծիքների հիման վրա նախագիծը վերամշակվել և ներկայացվել է քննարկման՝ ՓՄՁ զարգացման խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։
Նիստի սկզբում նախագիծը մշակող Civitta խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց այն, որից հետո արդեն ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումը հայտնեցին նախագծի վերաբերյալ, ուղղելով իրենց հարցերն ու առաջարկությունները: Մասնավորապես ելույթով հանդես եկան` «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Սարգիս Կարապետյանը, «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն»–ի տնօրեն Հայկազ Ֆանյանը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Քննարկման ընթացքում հնչեցված հիմնական խնդրահարույց հարցերից առանցքայինը վերաբերում էր ռազմավարության իրագործումն իրականացնող կառույցին։ Այս համատեքստում քննարկվեցին համապատասխան կառույցի ձևավորման երկու հնարավոր մոդելներ։ Առաջին մոդելը նախատեսում է Ներդրումների աջակցման կենտրոնի շրջանակում ձևավորել առանձին աշխատանքային ուղղություններ՝ ստեղծելով համապատասխան կարողություններ և նշանակելով համապատասխան տնօրեն և խորհուրդ։ Երկրորդ մոդելը վերաբերում է պետություն–մասնավոր համագործակցության ձևաչափով նոր կառույցի ստեղծմանը՝ միությունների մասնակցությամբ, որտեղ փոքր և միջին բիզնեսները հնարավորություն կունենան միությունների միջոցով մասնակցել կառույցի ֆինանսավորմանը։ Ընդ որում, քննարկվեց, որ բիզնեսի ֆինանսական մասնակցությունը սկզբնական փուլում կլինի սահմանափակ, հիմնական ֆինանսավորումը կապահովի պետությունը, իսկ հետագա տարիներին կառույցը կդառնա հիմնականում մասնավորի կողմից ֆինանսավորվող։
Ամփոփելով նիստի աշխատանքները և շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը իր եզրափակիչ խոսքում կարևորեց ներկայացված առաջարկների նշանակությունը և առաջարկեց ներկայացված մոդելների համեմատական քննարկումն ու դրանցից նախընտրելի տարբերակի ընտրությունը շարունակել հաջորդ նիստում, որը կկայանա հունվար ամսին` նիստի մասնակիցներին հորդորելով այդ ընթացքում ձևավորել իրենց դիրքորոշումը ներկայացված մոդելների վերաբերյալ։ Հաջորդ փուլում նախատեսվում է ձևավորել վերջնական մոտեցում ռազմավարության իրագործման մոդելի վերաբերյալ, ինչից հետո հետագա քայլերը կուղղվեն ռազմավարական ծրագրի հաստատման և իրագործման գործընթացին։
Ծրագրի լրամշակվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միջազգային առևտրային կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում։