20 մայիսի 2025

ՓՄՁ Զարգացման Խորհրդի 27-րդ նիստ` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

photo_2025-05-20_15-44-47

Մայիսի 20-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 27-րդ  նիստը: 

 

Նիստի սկզբում, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես` 

  • Ձեռներեցության զարգացման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագրի քննարկումների ընթացքի մասին,

  • Մարզային փոքր և գերփոքր ՓՄՁ սուբյեկտներին հուզող խնդիրների վերհանման և լուծման նպատակով իրականացված միջոցառումների վերաբերյալ,

  • Մշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից նոր աշխատողների` այդ թվում աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավումը և աշխատանքային պայմաններում ուսուցումը խրախուսող միջոցառում,

  • Առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումներ,

  • Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության ներդրում («ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրության մի շարք խնդիրների վերաբերյալ (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ)

  • 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի հիման վրա ապրանքների (QR կոդերով) դրոշմավորման հետ կապված խնդիրների վերաբերյալ

  • ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության վերսկսում չհամարվելու դեպքերի թվարկման ոչ համապարփակ բնույթի վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)

  • ՀՀ հարկային օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասը գանձապահի գործառնությունների մասով հարկային օրենսգրքում ամրագրման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)

  • ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրում («ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ),

  • Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրաբերությունների ծավալը մեծացնելու նպատակով (««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ),

  • Օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանում, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում

  • Գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորություն («Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)

  • Ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտվում հնարավորության ընդլայնում (Ենթախորհրդի նիստից)

  • Էլ. առևտրին առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)

DSC03961- 1

Քննարկվեց անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի նախագիծը, որը ներկայացրեց Համաշխարհային ազատ տնտեսական գոտիների կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը: Փոխվարչապետը արձանագրեց, որ հարցը կարևոր առաջնահերթությունների մեջ է: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից և շուտով կներկայացվի Կառավարության հաստատման։ 

 

Օրակարգային հաջորդ հարցը` E-draft հարթակում տեղադրված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր (վարչական ակտի, բողաքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում): ՓՄՁ Խորհրդի անդամները և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները բացասական դիրքորոշում հայտնեցին հարցի շուրջ: Որոշվեց, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից եղած կարգավորոումների շրջանակում բացառություններ սահմանելու տրամաբանությամբ, որից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը կներկայացնի արդյունքները փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ Խորհրդի հաջորդ նիստի շրջանակներում: