18 սեպտեմբերի 2024

ՓՄՁ խորհրդում քննարկվեց ՀՀ ֆինանսների նախարարության շրջանառության հարկի կարգավորումների առաջարկվող փոփոխությունները

09

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի նիստը, օրակարգում ունենալով հարկային փոփոխություններին վերաբերող նախագիծը`  E-draft հարթակում տեղադրված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ մասնագիտական աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկտներին)։

Նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝

  • «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեությունը»,

  • «L ԷԼ Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող  68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով,

  • «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեությունը», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները», «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները», «72. Գիտական հետազոտությունները և մշակումները», «73. Գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը», «74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեությունը», «75. Անասնաբուժական գործունեությունը»,

  • «Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջապահությունը», «87. Բնակչության սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» և «88. Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման» գործունեությունը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։

 

Խորհրդի անդամները հայտնեցին մի շարք խնդիրներ և մտահոգություններ` շեշտադրելով շրջանառված փաստաթղթում ազդեցության գնահատման և վիճակագրական տվյալների բացակայությունը: Որոշվեց հարցը քննարկել հոկտեմբեր ամսին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ Խորհրդի նիստին, իսկ մինչ այդ Ֆինանսների նախարարությունը կտրամադրի հավելյալ ուսումնասիրություն` նախագծի ազդեցության և վիճակագրական հիմնավորումներով: