4 դեկտեմբերի 2024

IC Armenia Գալա Ընթրիք՝ բարեփոխումից մինչև ազդեցություն

DreamShots_Ph1_IC (42)

Օրենսդրական բարեփոխումներն արդյունավետ են լինում, երբ հիմնված են պետական և մասնավոր հատվածի համագործակցության, երկխոսության և վստահության վրա՝ ներառելով այն դերակատարներին, ում վրա ազդեցություն է ունենում դրանց ընթացքը։ Այս պարզ ճշմարտությունն է հիմք ծառայել վարչապետի որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի համար։ Հարթակում ներգրավված են մի կողմից` մասնավոր հատվածը ներկայացնող 11 ասոցիացիա, մյուս կողմից` պետական հատվածը ներկայացնող տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, նախարարներ։ Հարթակի փորձագիտական աջակցությամբ զբաղվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ձևավորված Հայաստանի ներդրումային խորհրդի` IC Armenia-ի փորձագիտական թիմը։ Յուրաքանչյուր ամիս 11 անդամները ներկայացնում են բիզնեսից հավաքագրված օրենսդրական բնույթի խնդիրներ և քվեարկությամբ որոշում առաջնահերթ քննարկվելիք խնդիրների ցանկը։ Վերջինիս հաջորդում է IC Armenia-ի փորձագիտական թիմի աշխատանքը․ Առաջին փուլով թիմը իրականացնում է հանդիպում-քննարկում բիզնես ասոցիացիայի այն շահառուների հետ, ովքեր ներկայացրել են օրենսդրական խնդիրը։ Հաջորդիվ ձևավորվում է համանման բիզնեսներից բաղկացած ֆոկուսային խումբ, որի շրջանակում վերլուծվում են համապատասխան դրույթները և առաջարկները։ Միջազգային լավագույն փորձի և հավաքագրված տվյալների վերլուծության  հիման վրա՝ IC Armenia-ի թիմը մշակում է օրենսդրական փոփոխությունների նախագիծը և ներկայացնում ՓՄՁ Զարգացման երկխոսության հարթակի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև հարթակին կից գործող հարկային, իրավաբանական աշխատանքային խմբերին` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

DreamShots PH-79

Մյուս փուլով նախագիծը ներկայացվում է ՓՄՁ ամենամսյա ենթախորհրդի նիստին` Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, որին մասնակցում են նաև ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, ՊԵԿ նախագահի տեղակալը, և այլ նախարարությունների ներկայացուցիչներ՝ կախված հարցի բնույթից։ Պետական հատվածի հետ նախագիծը քննարկելուց հետո, այն դրվում է պաշտոնական շրջանառության մեջ` Էկոնոմիկայի նախարարության կողմից։  Նախագծի մասով նախարարություններից կարծիքներ հավաքագրելուց հետո, այն ներկայացվում է փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ խորհրդի նիստին։ Այս ձևաչափով․ խնդիրը բիզնեսից ուղղվում է ասոցիացիային, ասոցիացիայից ՓՄՁ երկխոսության հարթակ, հարթակից IC Armenia փորձագիտական թիմին, այնուհետև Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ՓՄՁ ենթախորհրդի նիստ և փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ խորհրդի նիստ և ստանում է լուծում։ Վերջին երկու տարվա ընթացքում ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակում տեղի են ունեցել 28 ենթախորհրդի նիստեր` Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, 8 նիստ` փոխվարչապետի գլխավորությամբ, քննարկվել է 42 հարց, ընդունվել 18 բարեփոխում, իսկ 12 բարեփոխում ընդունման տարբեր փուլերում են։ Գալա ընթրիքի շրջանակում IC Armenia-ն համախմբել էր ավելի քան 150 մասնակիցներ ՀՀ Կառավարությունից, մասնավոր հատվածի ներկայացուցիչներից և դոնոր կազմակերպություններից նշելու այս բոլոր ձեռքբերումները և ներկայացնելու գալիք տարվա անելիքները։