2 սեպտեմբերի 2024
Մեկնարկում է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդո
Այլ
Խորհրդի նիստեր
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ համատեղ հայտարարում է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդունման հերթական փուլը:
Ի՞նչ է ՓՄՁ Զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակը
ՓՄՁ Զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակը ստեղծվել է վարչապետի որոշմամբ 2011 թվականին և գործում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ` Հայաստանի Կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև և ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը:
Հարթակը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, և խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ:
Հարթակի մասնավոր հատվածը ներկայացնող անդամները, ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտակն թիմի հետ միասին, հայտնաբերում են Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեությանը խոչընդոտող օրենսդրական բացերը և սերտորեն համագործակցում են համապատասխան նախարարությունների հետ՝ մշակելու բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ենթախորհրդի նիստերն ապահովում են բացահայտված հարցերի և առաջարկությունների նախնական քննարկումը: Զտված օրենսդրական խոչընդոտները հաջորդիվ քննարկվում են փոխվարչապետի գլխավորությամբ Խորհրդի նիստերի ժամանակ:
Ի՞նչ է ենթադրում ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության անդամ լինելը։
Հարթակի մասնավոր հատվածը ներկայացնող անդամներ կարող են լինել հասարակական կազմակերպություններ, առևտրաարդյունաբերական պալատներ, հիմնադրամներ, ովքեր ունեն ՓՄՁ-ն ներկայացնող անդամներ և/կամ աշխատում են ՓՄՁ-ների հետ՝ քաջատեղյակ լինելով վերջինիս օրենսդրական բնույթի խնդիրներից։ Որպես հարթակի անդամ կազմակերպությունը պետք է իրականացնի իր անդամներից խնդիրների հավաքագրում և ներկայացնի դրանք նիստերին, միևնույն պահին, պետք է կոմունիկացնի հարթակի գործունեության արդյունքների մասին իր անդամներին և պարբերաբար հանդիպումներ կազմակերպի իր անդամների և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ։ Մասնավոր հատվածը ներկայացնող անդամը պարտավոր է մասնակցել ամենամսյա ենթախորհրդի նիստերին և եռամսյակային խորհրդի նիստերին` փոխվարչապետի գլխավորությամբ։
Ո՞րն է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դերը։
ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դերն է հավաքագրել մասնավոր հատվածը ներկայացնող անդամների խնդիրները, վերլուծել դրանք, մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթները և ներկայացնել դրանք նիստերին՝ հավանություն ստանալու համար։
Հաջողված բարեփոխումներ ՓՄՁ երկխոսության հարթակի միջոցով
2022-2024 ընթացքում ՓՄՁ երկխոսության հարթակի շրջանակում քննարկվել է 42 հարց, տեղի է ունեցել 8 խորհրդի նիստ` փոխվարչապետի գլխավորությամբ, 22 ենթախորհրդի նիստ` Էկոնոմիկայի նախարարի/փոխնախարարի ղեկավարությամբ։ ՓՄՁ խորհրդի, IC Armenia-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միասնական աշխատանքի արդյունքում ընդունվել են ավելի քան 12 բարեփոխում, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագիրը, հեռավար աշխանքի կարգավորումները, մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատակիցներ ներգրավելու աջակցության ծրագիրը, ֆակտորինգը պետական գնումներում օգտագործման հնարավորությունը թույլատրող կարգավորումներ, առևտրային ցանցերի և փոքր մատակարարների հարաբերությունները կարգավորող փաթեթը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի վերանայումը, SAFE պայմանագրերի կարգավորումները ստարտափների համար ներդրումներ ներգրավելու համար, և այլն։ Ընդունման վերջնական փուլում են ևս 12 նախագիծ, այդ թվում՝ անհուսալի դեբիտորական պարտքի կարգավորումները, ՀԴՄ ԱՏԳԱԱ կոդերի սխալ տպագրման դեպքում նախազգուշացման կիրառումը, փոխարկելի պարտքի կարգավորումները, օպցիոնների կարգավորումները և այլն։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։
Ովքե՞ր կարող են դիմել.
Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացիաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ։
Դիմելու կարգը.
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղմամբ: Լրացված դիմումի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը [email protected], [email protected] էլ. փոստի հասցեներին.
Կազմակերպության կանոնադրության պատճեն
Պետական գրանցման վկայականի պատճեն
Խորհրդի կազմում ընգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի/թեկնածուների ինքնակենսագրականը (CV)
Խորհրդի կազմում ընդգրկվելու դիմում ներկայացրած հայտադիմումները ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է ներկայացնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարը` ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի ներգրավմամբ:
Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 14-ն է: