2 հուլիսի 2025

«Այլընտրանքային ներդրումային գործիքները Հայաստանում». IC Armenia միջոցառում

54628204860_c048c8cf46_k

Հուլիսի 1-ին Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցի Երևան սրահում տեղի ունեցավ «Այլընտրանքային ներդրումային գործիքները Հայաստանում» խորագրով մասնագիտական հանդիպում:

 

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ մշակված փոխարկելի փոխառության (convertible debt) վերաբերող օրենսդրական փոփոխությունները ընդունվել են Ազգային Ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Փոխարկելի փոխառության պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ստարտափ և զարգացման նախնական փուլում գտնվող ընկերությունների կամ այլ ընկերությունների ֆինանսավորումը: ՍԵՅՖ պայմանագրերի հետ զուգահեռ այն հատկապես լայնորեն կիրառվում է տեխնոլոգիական ընկերություններում ներդրումների կատարման համար, վենչուրային ֆոնդերի և այլ ներդրողների գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց Փոխարկելի փոխառության, ՍԵՅՖ և օպցիոնների օրենսդրական փաթեթները:

 

Օրեսնսդրական փաթեթները համատեղ մշակել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

 

Հանդիպմանը մասնակցում էին ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը և ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյան:

 

 

54628191565_a0f261b04e_k

Ողջույնի խոսքերին հաջորդեց ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանի հիմնական զեկույցը, որի ընթացքում ներկայացրեց ներդրումային գործիքների կիրառման հնարավորությունները Հայաստանում, մասնավորապես՝ Փոխարկելի փոխառության (Convertible debt), ՍԵՅՖ (SAFE) և oպցիոնի գործիքները։

 

Հիմնական զեկույցին հաջորդեց պանելային քննարկում, որի ընթացքում փորձագետները ներկայացրեցին այլընտրանքային ներդրումային գործիքների կիրառման հեռանկարները` ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների կողմից։ Պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես եկան` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արամ Խաչատրյանը,  Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց (STAN)--ի տնօրեն Ռուբեն Օսիպյանը, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը, Ֆորմուլա Վի Սի Վենչուրային ֆոնդ, Գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը, ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը: Պանելային քննարկմանը մոդերատորը ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանն էր: 

 

Պանելային քննարկման ընթացքում մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը խոսնակներին և ծավալվեց արդյունավետ քննարկում։ 

 

Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։