16 նոյեմբերի 2026
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 43-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Նոյեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 43-րդ նիստը։
Նիստի ընթացքում քննարկվեցին գործարար միջավայրի բարելավմանն ուղղված երկու օրակարգային հարցեր՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված «Ծնողական ժամի» կարգավորումների կիրառման հետևանքով առաջացող խնդիրները և բիզնեսից բիզնես (B2B) ապրանքների առաքում իրականացնող տնտեսավարողների համար բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կայանման հետ կապված դժվարությունները։
Առաջին հարցը վերաբերում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանված «Ծնողական ժամի» կարգավորումներին և դրանց կիրառման ընթացքում գործատուների համար առաջացող խնդիրներին։
Հարցը ներկայացրեց «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմեր Շատվերովը։ Քննարկման ընթացքում իր դիրքորոշումն ու առաջարկությունները ներկայացրեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը։
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հավաքագրել խորհրդի անդամների կարծիքներն ու առաջարկությունները և փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության մշակած օրենսդրական փաթեթի վերաբերյալ նախարարության դիրքորոշման ձևավորման ընթացքում դրանք դիտարկելու նպատակով։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր բիզնեսից բիզնես (B2B) ապրանքների առաքում իրականացնող տնտեսավարողների համար բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կայանման հետ կապված խնդիրներին։
Հարցը ներկայացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներ Էդուարդ Կիրակոսյանը և Դանիել Մնացականյանը։ Քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության ներկայացուցիչներ Լուսինե Սարգսյանն ու Լուսինե Մնացականյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ապրանքների առաքման և բեռնաթափման գործընթացում տնտեսավարողների առջև ծառացող խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակներին։
Հնչեցին մի շարք կարծիքներ և առաջարկություններ՝ ուղղված գործող կարգավորումների բարելավմանը և տնտեսավարողների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Մասնավորապես, ընդգծվեց նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ տնտեսավարողներին բավարար ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը՝ նոր պահանջներին նախապատրաստվելու և դրանց սահուն կիրառումն ապահովելու նպատակով։