21 հուլիսի 2026
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 41-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Հուլիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 41-րդ նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի, դրա գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մարմնի վերաբերյալ մոտեցումների քննարկումը։
Քննարկման հիմնական թեման ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման ինստիտուցիոնալ մոդելի ընտրությունն էր։ Ներկայացվեցին հնարավոր երեք տարբերակներ․
– ստեղծել ռազմավարության իրականացման համար պատասխանատու նոր կառույց,
– «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում ձևավորել նոր ստորաբաժանում,
– ապահովել նախարարության և գործող այլ կառույցների միջև գործառույթների բաշխում և սիներգիա՝ գործողությունների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։
Նիստի ընթացքում «Սիվիտտա» (Civitta) միջազգային խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկվող մոտեցումները։ (Նախագիծը մշակվել է Civitta խորհրդատվական կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ներկայացուցիչների փորձագիտական աջակցությամբ): Հարցի շուրջ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները ներկայացրին նաև խորհրդի անդամներ՝ «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Հայկազ Ֆանյանը և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ներկայացուցիչ Հակոբ Ավագյանը։
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանձնարարեց գործողությունների ծրագրում հստակ առանձնացնել այն միջոցառումները, որոնք կարող են իրականացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, այն գործողությունները, որոնց իրականացումը հնարավոր է վերապահել արդեն գործող կառույցներին, ինչպես նաև այն միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կլինի նոր ստեղծվող ստորաբաժանման ներգրավումը։
Նախարարը նաև նշեց, որ նախարարության և նիստի մասնակիցների միջև ձևավորվել է նախնական համաձայնություն, որի շրջանակում առաջիկայում աշխատանքային կարգով կկազմակերպվի հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում առանձին ստորաբաժանում ստեղծելու առաջարկը քննարկելու նպատակով։
Լրամշակված մոտեցումները կներկայացվեն ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստում, որը կկայանա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։