19 մարտի 2025
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 31-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Մարտի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 31-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեց E-draft հարթակում տեղադրված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցը (վարչական ակտի բողաքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում):
ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները նիստի ընթացքում իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին հարցի շուրջ` հնչեցնելով շատ կարևոր կարծիքներ ու առաջարկություններ: Մասնավորապես, հարցի շուրջ իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին` «Ամերիկայի Առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության ներկայացուցիչ Արա Խզմալյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ)» ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյանը, Հակոբ Ավագյանը` «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ներկայացուցիչ, Վլադիմեր Շատվերովը` «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» ներկայացուցիչ Վահագն Համբարձումյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ևս իրենց մտահոգությունը հայտնեցին ու առաջարկեցին վերանայել նախագծով առաջարկվող լուծումները` հաշվի առնելով նիստի ընթացքում հնչած առաջարկները:

Շարունակելով քննարկումը, Պետական Եկամուտների Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանը հանդես եկավ հայտարարությամբ` մասնավորապես նշելով, որ նախագիծը չի փոփոխելու ՀՀ հարկային օրենգրքի 18-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգավորումն առ այն, որ Հարկային մարմնի կողմից օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված` օրենսգրքով սահմանված հարկի, տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը նաև դիրքորոշում արտահայտեց, որ նախագիծը նպատակ չի հետապնդում փոփոխելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի այն կարգավորումը, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա։
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծում հստակեցնել, որ նշված դիրքորոշումների հիման վրա հստակ կսահմանվի, որ դրամական պահանջ (տուգանք, հարկային պարտավորություն) առաջացնող վարչական ակտերը՝ դատական կարգով բողոքարկման դեպքում ենթակա չեն լինի կատարման մինչև բողոքարկման գործընթացի ավարտը։
Այլ վարչական ակտերի կատարումը չկասեցնելու հետ կապված դիրքորոշումը մնաց բացասական, նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել քննարկումը:
Խնդրի նկարագրություն. Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանվում են վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները: Մասնավորապես, նշված հոդվածի ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Նախագծով առաջարկվում է այդ կանոնն ուժը կորցրած ճանաչել:
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից: